Ձեր ներկայացրած տնտեսական աճը ընտանիքներում անգամ ցամաք հացի խնդիրը չի լուծում․ Իրինա Յոլյան

«Օրեր առաջ մի ցավալի փաստի հետ առերեսվեցինք,որը ցնցեց բոլորիս՝ հայր և որդի, ծայրահեղ,ծանր վիճակում, սովամահության աստիճանի, որդին օրեր հետո մահացավ հիվանդանոցում։ Բարեկեցության բաստիոնում առողջական բազում խնդիրներով մարդը սովամահ է լինում,մինչդեռ պետական համակարգը,դա չի նկատում»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
Նա ընդգծեց, որ այսօր բազմաթիվ ընտանիքներում ծնողները չեն կարողանում վճարել անգամ դասագրքի, տետրի վճարը։
Միևնույն ժամանակ պատգամավորը հիշեցրեց, որ սահմանամերձ բնակավայրերում բազմաթիվ հայրենակիցներ ունենք, ովքեր աշխատում են, սակայն չեն կարողանում իրացնել իրենց բերք։
«Նրանք օրերով իրենց ձեռքին 1000 դրամ կանխիկ գումար չեն ունենում։Ամեն օր սարսափելի թանկացումներ են մեր երկրում, որի մասին այստեղ ոչ ոք չի խոսում։ Ինչպե՞ս են ցածր աշխատավարձով մեր հայրենակիցները կարողանում դիմակայել այս թանկացումներին։ Ձեր ներկայացրած տնտեսական աճը ընտանիքներում անգամ ցամաք հացի խնդիրը չի լուծում։Այդքան գործուղումների եք գնում Եվրոպան, հարգելի գործընկերներ, օրինակ՝ մի անգամ չեք տեսնում Եվրոպայում ինչպիսի սոցիալական ծառայություններ են գործում։ 2,5 տրիլիոն պարտքի համատեքստում մենք եվրոպական չափորոշիչներին համապատասխան մի ենթակառուցվածք չունենք, որը կարող է սոցիալական ծառայություն մատուցել։ Ասում եք՝ թալանը վերադարձնում ենք ժողովրդին։Ում հետ անձնական հաշիվներ ունեք, ընդամենը 24 ժամվա ընթացքում ունեցածը հետ եք վերադարձնում, բայց ասեմ, որ ամենևին էլ ժողովրդին չեք վերադարձնում։ Օրինակ՝ Ծաղկաձորի հայտնի հյուրանոցը, կարելի էր, չէ՞, դարձնել մեր վիրավոր զինվորների համար հանգստի տարածք։ Օրինակ՝ զոհված զինծառայողների ծնողների համար ուղեգրեր պլանավորել և ընտանիքները կարողանային գնային հանգստանային։ Կամ Մանումումենտի հայտնի այդ դղյակի մասին, որ խոսում եք՝ վերադարձնեք ժողովրդին, սոցիալական բնակարան սարքեիք կամ մանկապարտեզ դարձնեիք, դա կլիներ թալանը վերադարձնել ժողովրդինԼ Այն հազարավոր փոքրիկները, որոնք հերթագրված են և չեն կարողանում նախադպրոցական կրթություն ստանալ, կգնային և կօգտվեին այդ ծառայությունից։ Կամ, օրինակ, մարզերում մենք տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնք ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, բայց բնակարանային ամեն օր թանկացող վարձի պատճառով ծնողները չեն կարողանում ուսանողներին հավուր պատշաճի կրթության տալ։ Ի՞նչ են անում, վարկ են վերցնում, որ մեր երկրում ուսանողը վարկով կրթություն ստանա»,- ասաց պատգամավորը։




















