top of page

Այնպես եք մեզ նեոբոլշևիկներ ասում, կարծես մոռացել եք, որ բոլշևիկները Գյումրիում ձեր գործընկերներն են. Ռուբինյանը՝ Վարդանյանին

1 hour ago
1 min read


Այնպես եք մեզ նեոբոլշևիկներ ասում, կարծես մոռացել եք, որ բոլշևիկները Գյումրիում ձեր գործընկերներն են: Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Տիկին Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը, որը վերջապես կընդունի իրական Հայաստանի հայեցակարգը և հրաժեշտ կտա Հայաստանի համար վնասակար դաշնակցական գաղափարներին: Մենք ասում ենք՝ թող մեր նախարարները երդվեն հանուն Հայաստանի Հանրապետության, մեր ընդդիմադիր գործընկերներն էլ ասում են՝ ինչու՞ այդպես, այլ ոչ հանուն հայրենիքի, սրա մեջ խորը բան կա, հաճախ դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին:

Հիմա մենք այս փոփոխությունը անում ենք, որ հանկարծ մի օր, եթե Աստված չանի՝ դաշնակցությունը գա իշխանության, չասի՝ ես երդվել եմ, բայց հանուն ազգային շահի եմ երդվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը պետք է մատաղ անել, ու ՀՀ-ն էլ մտցնել այլ պետության կազմ, որպես ինքնավար միավոր: Տիկին Վարդանյան, մեզ ասում եք, որ մենք նեոբոլշևիկ ենք, բոլշևիկները ձեր կոալիցիոն գործընկերներն են, ձեր թիմակիցները: Ես ուզում եմ հիշեցնել, որ այժմ Գյումրին ղեկավարվում է բոլշևիկների կողմից, բոլշևիկական կուսակցությունը՝ նույն ինքը կոմունիստական կուսակցությունը, որի թեկնածուն Գյումրիում քաղաքապետ է, և որը «Ուժեղ Հայաստան»-ի թիմի անդամ է, ինչպես երեկ կոստովանեց Ռուբեն Մխիթարյանը, ձեր թիմակիցներն են»,- նշել է Ռուբինյանը:

Նշենք, որ Ռուբինյանի ելույթից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՔՊ-ականներին երիտբոլշևիկներ էր անվանել. «Դուք ունեք նույն թիրախները, ինչ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ բոլշևիկյան մտածողությունը»,-ասել էր Վարդանյանը:

 
 
1/2319
bottom of page