Թափառող շները հոշոտել են 24 մայրացու ոչխար
- Armen Sukiasyan
- Mar 2, 2025
- 1 min read

Մարտի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում, հերթական անգամ անասնապահական աշխատանքներ կատարելիս Արմավիրի մարզի 68-ամյա Աշոտ Ա-ն մտել է անասնագոմ ու հայտնաբերել, որ գոմի ներսում և դրսում մայրացու 24-ից ավելի ոչխարների մի մասը սատկած են, մի մասն էլ՝ վիրավոր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշոտ Ա-ն, նրա կինը՝ 64-ամյա Մարինե Հ-ն, թոշակառուներ են, ընտանիքի անդամների հետ երկար տարիներ զբաղվում են անասնապահությամբ, խնամում են խոշոր-եղջերավոր անասուններ, ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։
Տղամարդու խոսքով՝ վիրավոր կենդանիները հաստատ չեն ապրի։ Հոշոտված ոչխարների մի մասը գոմում են եղել, մի մասը՝ դրսում՝ տարբեր հատվածներում։
Տղամարդը վստահություն է հայտնել, որ տեղի ունեցածը գայլի հարձակում չէ ու նշել՝ միանշանակ թափառող շներն են արել՝ 7-10 շուն: Նա հավելել է, որ կրել են խոշոր չափի նյութական վնաս, իսկ թափառող շները մեծ խնդիր են ստեղծում բնակչության համար:




















