Սերբիայում անչափահասը hարձակվել է ոստիկանի վրա. Իսրայելի ԱԳՆ-ն հաստատել է աhաբեկչnւթյան փորձի մասին տեղեկությունը

Անչափահասը երկու դանակով հարձակվել է Բելգրադում Իսրայելի դեսպանատունը հսկող ոստիկանի վրա: Այս մասին հայտնել է Սերբիայի ՆԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը, փոխանցում է Informer պորտալը:
«Անչափահասը, ում ինքնությունը դեռևս պարզված չէ, բայց լուրջ կասկածներ կան, որ նա Շաբաց քաղաքից է, «Ալլահու Ակբար» գոչելով նետվել է ոստիկանության աշխատակցի վրա և հարձակվել նրա վրա երկու դանակով», - ասել է Դաչիչը:
Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին տեղական ժամանակով 00:15-ին (Երևանի ժամանակով 03:15-ին): Ոստիկանության աշխատակիցը չեզոքացրել է հարձակվողին, սակայն դեմքի թեթև կտրվածք է ստացել:
Ինչպես նշել է Դաչիչը, երիտասարդը գտնվել է հատուկ ծառայությունների տեսադաշտում և եղել է «Իսլամական պետության» կողմնակից: Նախարարի խոսքով՝ հարձակվողի Instagram-ի էջում տեղադրված են եղել կազմակերպության սև դրոշն ու էմբլեմը:
Տեղի ունեցածից հետո Դաչիչը կարգադրել է Սերբիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացնել առավելագույնի՝ «կարմիրի»: Ռեժիմը ենթադրում է անվտանգության միջոցառումների ուժեղացում և ոստիկանների թվի ավելացում ենթակառուցվածքների կարևոր օբյեկտներում և մարդկանց զանգվածային կուտակման վայրերում:
Դաչիչը նաև հայտնել է, որ Սերբիայի ոստիկանապետ Դրագան Վասիլևիչի հետ այցելել է տուժած աշխատակցին: Նախարարի խոսքով՝ ոստիկանն իրեն լավ է զգում:
Իսրայելի ԱԳՆ-ն հաստատել է ահաբեկչության փորձի մասին տեղեկությունը:
«Մենք հաստատում ենք Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ ահաբեկչական հարձակման փորձի մասին հաղորդագրությունները:
Հարձակվողը չեզոքացվել է տեղի ոստիկանության կողմից: Դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, իսկ առաքելությունը փակ է եղել միջադեպի պահին, որը տեղի է ունեցել ուշ գիշերին:
Միջադեպն այս պահին հետաքննվում է համապատասխան մարմինների կողմից»,- նշել են ԱԳՆ-ից:




















