ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան

Հայաստանի Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
Նա նշել է, որ խոսքն ընդամենը միջազգային իրավունքով պաշտպանվող ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և դրա իրավական հետևանքների մասին է։
«Երբ տարիներ առաջ շրջանառության մեջ դրվեց նոր Սահմանադրություն ընդունելու թեզը, փորձեցինք բոլոր իրավաչափ եղանակներով հուշել իշխանություններին, որ չտրվեն ադրբեջանական սադրանքներին և ելակետ ընդունեն, որ Անկախության մասին հռչակագիրը անտեղի սխալ մեկնաբանության հենքով Սահմանադրությունը վերանայելու նախաձեռնությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է։
Հիմա էլ ուշ չէ։ Ինքս լինելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի համահեղինակներից՝ վստահաբար պնդում եմ, որ բոլոր անվանի փորձագիտական կառույցները միանշանակ արձանագրել են, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը, որ խոսքն ընդամենը միջազգային իրավունքով պաշտպանվող ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և դրա իրավական հետևանքների մասին է։
Որևէ պետություն իրավասու չէ նախապես իր Սահմանադրությամբ որոշել, որ երբևէ չի ճանաչելու ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քանզի դրանով ինքն իրեն դուրս կդնի ՄԱԿ-ի անդամակցությունից։ Նույն կերպ, իրավաչափ չէ նոր կնքվող միջազգային պայմանագրերով անդադար շեշտել, թե չի խաթարվելու ինքնիշխանությունը, քանզի ինքնիշխանությունը արդեն ճանաչվել և երաշխավորվել է ՄԱԿ-ին անդամակցելու պահից, ուստի այն ավելորդ անգամ ամրագրելու, մեղմ ասած, կարիք չկա։ Ցավալի է, որ Սահմանադրական դատարանը փորձեց հակասությունը մեղմելու նպատակով նախապատվությունը տալ Նախաբանի իրավական արժեքի զուտ իրավիճակային մեկնաբանությանը, ինչի արդյունքները տեսնում ենք։
Այս փուլում առավել իրատեսական ու գործնական քայլը միջազգային իրավասու կառույցների մասնակցությամբ երկու կողմերի իրավագետների և քաղաքագետների համատեղ քննարկումներ նախաձեռնելն է։ Սա է փոխշահավետությունը, բարիդրացիական համագործակցությունը, ոչ թե միակողմանի անվերջ հոխորտանքները»,- ընդգծել է պրոֆեսոր Դանիելյանը։




















