top of page

Արյան անալիզը բացահայտում է բնորոշ հորմոնալ պրոֆիլ էնդոմետրիոզի ժամանակ. հետազոտություն

  • 1 day ago
  • 2 min read


Արյան անալիզը բացահայտում է բնորոշ հորմոնալ պրոֆիլ, որը հայտնաբերվում է միայն էնդոմետրիոզով հիվանդ մարդկանց մոտ՝ ավելի քան 95 տոկոս ճշգրտությամբ, վկայում է նոր հետազոտությունը:

Սա կարող է փոխել մոտեցումն այս հիվանդության ախտորոշման հարցում, որով տառապում է 190 միլիոն մարդ ամբողջ աշխարհում:

Ներկայում էնդոմետրիոզը՝ հիվանդություն, որի դեպքում արգանդի լորձաթաղանթին նմանվող հյուսվածքն աճում է արգանդից դուրս, սովորաբար ախտորոշվում է գինեկոլոգիական հետազոտության, ուլտրաձայնի, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) կամ լապարոսկոպիայի միջոցով՝ նվազագույն ինվազիվ վիրահատություն, որի ընթացքում բժիշկները հետազոտում են որովայնի և կոնքի օրգանները փոքր կտրվածքների միջոցով, տեղեկացնում է Euronews-ը։

Էնդոմետրիոզի ախտորոշումը կարող է տևել մինչև 12 տարի։ Վաղ ախտորոշումը և արդյունավետ բուժումը մնում են սահմանափակ ցածր և միջին եկամուտ ունեցող շատ երկրներում, նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Երկար ժամանակ էնդոմետրիոզ ունեցող մարդիկ ախտորոշման համար անընդունելիորեն երկար ժամանակ են սպասել, ընդ որում՝ այժմ Մեծ Բրիտանիայում սպասման միջին ժամանակն ավելի քան ինը տարի է», - ասել է Endometriosis UK  կազմակերպության գլխավոր տնօրեն Էմմա Քոքսը՝ նշելով, որ դա նշանակում է, որ պացիենտները ուշ են բուժման հասանելիություն ստանում, և հիվանդությունը հասցնում է  խորանալ:

Նոր հետազոտությունը կարող է արմատապես փոխել դա:

«Ստացված տվյալները մեծ առաջընթաց են ներկայացնում էնդոմետրիոզի մեր ըմբռնման հարցում», - նշել է հետազոտության համահեղինակ Դուգլաս Գիբսոնը Էդինբուրգի համալսարանից:

Թեև էստրոգենների ազդեցությունը էնդոմետրիոզի վրա հայտնի է, այլ հորմոնների դերը, ինչպիսին են անդրոգենները՝ սեռական հորմոնների խումբ, ներառյալ տեստոստերոնը, որոնք կենսական նշանակություն ունեն վերարտադրողական առողջության, ոսկրերի խտության և մկանային զանգվածի համար, շատ ավելի քիչ է ճանաչված, նշել են հեղինակները: Հենց այս բացը լրացնելուն էր ուղղված հետազոտությունը։

Հետազոտողների թիմը վերլուծել է հորմոնի մակարդակը հաստատված էնդոմետրիոզ ունեցող 159 կնոջ և այդ հիվանդությունը չունեցող 57 կնոջ արյան մեջ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անդրոգեններին, այդ թվում՝ 11-օքսիգենացված անդրոգեններին՝ հորմոնների խումբ, որոնք արտադրվում են երիկամների վերևում գտնվող մակերիկամների կողմից։

Գիտնականները պարզել են, որ էնդոմետրիոզ ունեցող կանայք հատուկ «հորմոնալ դրոշմ» ունեն՝ ներառյալ անդրոգեն 11-կետոտեստոստերոնի մակարդակի բարձրացումը, որը նպաստում է մկանների և սեռական օրգանների աճին:

Հորմոնալ այս տարբերությունների շնորհիվ հետազոտողները կարողացել են 95 տոկոսից ավելի ճշտությամբ որոշել, թե որ պացիենտների մոտ էնդոմետրիոզ կա, իսկ որոնց մոտք՝ ոչ:

«Մենք հուսով ենք, որ հիվանդության նոր ընկալումը կհանգեցնի ավելի վաղ ախտորոշման և էնդոմետրիոզ ունեցող մարդկանց բուժման նորարարական մեթոդների մշակմանը», - ասել է Գիբսոնը մամուլի հաղորդագրության մեջ:

 
 
1/2260
bottom of page