top of page

Հայաստանի համար կարևոր խնդիր է նաև օդի որակը. նուրբ մասնիկները կարող են ներթափանցել թոքերի խորքային հատվածներ

Sep 25
2 min read


Շնչառությունը կյանքի բնական ու աննկատ ընթացող գործընթացներից է, սակայն առողջ թոքերի կարևորությունը հաճախ գիտակցում են միայն այն ժամանակ, երբ առաջ են գալիս խնդիրներ։ Ամեն տարի սեպտեմբերի 25-ին նշվող Թոքերի համաշխարհային օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ թոքերի առողջության պահպանումը կարևոր է կյանքի յուրաքանչյուր փուլում՝ մանկությունից մինչև ծերություն։ 2026 թվականի օրվա կարգախոսն է՝ «Թոքերի առողջություն՝ ողջ կյանքի ընթացքում», որը շեշտում է կանխարգելման, առողջ միջավայրի, վաղ ախտորոշման և ժամանակին բուժման կարևորությունը։

«Հերացի» վերլուծական կենտրոնից նշում են, որ թոքերի առողջությանը սպառնացող հիմնական հիվանդություններից են բրոնխիալ ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ), թոքերի քաղցկեղը, թոքաբորբը և տուբերկուլոզը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հենց այս հինգ հիվանդություններն են կազմում աշխարհում թոքերի հիվանդություններով պայմանավորված մահերի և հաշմանդամության զգալի մասը։

Համաշխարհային մակարդակում շնչառական քրոնիկ հիվանդությունների բեռը շարունակում է մնալ բարձր։ 2021 թվականին քրոնիկ շնչառական հիվանդությունները մոտ 4 միլիոն մահվան պատճառ են դարձել աշխարհում։ Միայն ԹՔՕՀ-ն 2023 թվականին դարձել է մոտ 3.4 միլիոն մահվան պատճառ, կազմելով համաշխարհային մահերի շուրջ 6%-ը։

Թոքերի առողջության կարևորագույն կանխարգելելի ռիսկի գործոններից մեկը ծխախոտի օգտագործումն է։ Շնչառական քրոնիկ հիվանդությունների զարգացմանը կամ սրացմանը նպաստում են օդի աղտոտվածությունը, աշխատանքային միջավայրում փոշու և քիմիական նյութերի ազդեցությունը, ինչպես նաև շնչառական վարակները։

Հայաստանում ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջության կարևոր խնդիր։ ՀՀ պաշտոնական կայուն զարգացման նպատակների ցուցանիշների համաձայն՝ 2022 թվականին 15 և բարձր տարիքի բնակչության շրջանում ծխախոտի ընթացիկ օգտագործման տարիքով ստանդարտացված տարածվածությունը կազմել է 25.2%։ 2022 թվականի Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունը ցույց է տվել նաև արտահայտված սեռային տարբերություն՝ տղամարդկանց 53.2%-ը և կանանց 2.0%-ը է ծխում ամեն օր։

Հայաստանի համար կարևոր խնդիր է նաև օդի որակը։ ԱՀԿ-ի Հայաստանի շրջակա միջավայրի և առողջության գնահատման քարտում նշվում է, որ երկրում տարեկան միջին PM₂.₅-ի մակարդակը գնահատվել է մոտ 34 մկգ/մ³, մինչդեռ ԱՀԿ-ի առաջարկվող տարեկան ուղենիշը 5 մկգ/մ³ է։ Նուրբ մասնիկները կարող են ներթափանցել թոքերի խորքային հատվածներ և կապված են ինչպես շնչառական, այնպես էլ սրտանոթային հիվանդությունների զարգացման հետ։

Հատկապես մտահոգիչ է նաև թոքերի քաղցկեղի բեռը։ IARC-ի GLOBOCAN 2024 գնահատականների համաձայն՝ Հայաստանում 2024 թվականին գնահատվել է մոտ 1513 թոքերի քաղցկեղի նոր դեպք և 1270 մահ։ Թոքերի քաղցկեղը կազմել է բոլոր նոր քաղցկեղների մոտ 14.1%-ը և քաղցկեղային մահերի 23.2%-ը՝ զբաղեցնելով առաջին տեղը քաղցկեղային մահվան պատճառների շարքում։ Տղամարդկանց շրջանում այն նաև ամենահաճախ գրանցված նորագոյացությունն է եղել՝ մոտ 1170 նոր դեպքով։ Կարևոր է նշել, որ GLOBOCAN-ի տվյալները մոդելային գնահատականներ են, ոչ թե միայն գրանցված դեպքերի պարզ հաշվարկ։

Թոքերի հիվանդությունների զգալի մասը հնարավոր է կանխարգելել կամ դրանց առաջընթացը դանդաղեցնել։ Կարևոր է չծխել և խուսափել երկրորդային ծխից, հնարավորության սահմաններում նվազեցնել աղտոտված օդի և աշխատանքային վնասակար նյութերի ազդեցությունը, պահպանել ֆիզիկական ակտիվություն, կատարել տարիքին և առողջական վիճակին համապատասխան պատվաստումներ և ժամանակին դիմել բժշկի երկարատև հազի, շնչառության դժվարացման, սուլող շնչառության, կրծքավանդակի ցավի կամ այլ շարունակական ախտանշանների դեպքում։ Վաղ ախտորոշումն ու համապատասխան բուժումը կարող են էապես բարելավել կյանքի որակը և նվազեցնել ծանր բարդությունների վտանգը։

 
 
1/2384
bottom of page