Օնկոլոգներն ուրախ լուր ունեն. Հայաստանում ավելի քիչ կանանց մոտ է կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվում 4-րդ փուլում

Դեռևս 1985թ. ԱՄՆ-ում որոշվեց հոկտեմբերը հռչակել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, քանի որ հիվանդությունը լայն տարածում էր գտել կանանց շրջանում՝ ամեն տարի խլելով միլիոնավոր կյանքեր։
Մեկամսյակի մեկնարկին ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանն ուրախ լուր հայտնեց. Հայաստանում վերջին տարիներին նկատվում է հիվանդության վաղ փուլերում հայտնաբերման զգալի առաջընթաց․ 2018–2024 թվականներին I–III փուլերում հայտնաբերված դեպքերի մասնաբաժինը 60%-ից հասել է 87%-ի։ Միաժամանակ IV փուլում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է՝ 454-ից հասնելով 209-ի։
2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 1 478 նոր դեպք։ Թեև նախորդ տարվա համեմատ նոր դեպքերի թիվը նվազել է 9,5%-ով, հիվանդության կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը շարունակում են պահանջել հետևողական աշխատանք։
Մասնագետները հիշեցնում են՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։
«Եթե Հայաստանում 2018թ. մենք ունեինք 40% չորրորդ փուլի հիվանդներ, 2025-2026թթ. չորրորդ փուլի հիվանդացությունը իջել է 13%։ Սա խոսում այն մասին, որ վերջին տարիներին կատարված պետական ծրագրերն ամբողջովին կարողացել են ներգրավվել կանանց, դիմելիությունը ավելի վաղ է լինում՝ 1-3-րդ փուլերում և կատարված պետական ծրագրերի շնորհիվ կարողացել են ապահովել բուժման որակը»,- նշեց Գեոկչյանը՝ հիշեցնելով, որ վիրահատությունն անվճար է, քիմիաթերապևտիկ ու այլ դեղորայքը հասանելի է։
Նրա խոսքով, համընդհանուր ապահովագրության շահառու կանանց մոտ եթե հայտնաբերվի այդ հիվանդությունը, ապա պետությունը մեկ տարվա 1մլն 200 հազար դրամի թանկարժեք դեղամիջոցներ կտրամադրի։
Բացի այդ, ծրագրի շրջանակում 45-68 տարեկան բոլոր կանայք նույնիսկ առանց թերապևտի ուղեգրի կարող են գրանցվել ու ցանկացած հիվանդանոցում անցնել մամոգրաֆիկ հետազոտություն։
Հայաստանում տարեկան հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղի շուրջ 1600 և ավելի նոր դեպք։ Մասնագետների խոսքով՝ հիվանդության առաջացման ռիսկի գործոններից մեկը կնոջ տարիքն է։
«Տարիքը մնում է կարևոր ռիսկի գործոններից մեկը և հաճախ հանդիպում է դաշտանադադարում գտնվող կանանց մոտ, և որքան մեծ է կնոջ տարիքը, այնքան քաղցկեղով հիվանդանալու ռիսկը բարձրանում է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանը։
Նրա ներկայացմամբ, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության բացարձակ թվերը բարձր են, սակայն դրա պատճառները տարբեր են։
«Նախ մենք սկսել ենք քաղցկեղը հեշտ հայտնաբերել և ավելի ինտենսիվ, դրան նպաստում են պետության կողմից իրականացվող միջոցառումները, ԶԼՄ-ների, բժիշկների դերը, բարձրացել է հասարակության իրազեկման մակարդակը։ Հիմա ավելի շատ են դեպքերը, երբ հիվանդությունն ախտորոշվել է կանխարգելիչ հետազոտության ընթացքում, երբ կինը դիմել է առանց գանգատների առկայության դեպքում»,- ասաց Ա. Ավետիսյանը։
Առողջապահության նախարարությունից հավատացնում են՝ պետության կողմից շարունակվում է նաև կրծքագեղձի քաղցկեղի թիրախային բուժման հասանելիության ապահովումը։
2020 թվականից գործող տրաստուզումաբի պետական ծրագրի շրջանակում վերջին 5 տարիներին բուժում է ստացել 1 277 պացիենտ։ Այս պահին ծրագրի շրջանակում բուժում է ստանում 208 պացիենտ։ 2020–2025 թվականներին ծրագրին պետական բյուջեից հատկացվել է 4,1 մլրդ դրամ, իսկ 2026 թվականին նախատեսվել է ևս 670 մլն դրամ՝ 210 պացիենտի բուժման համար։




















