Սասուն Միքայելյան լինելը «փեշակ»
- Arnold Gevorgyan
- 1 hour ago
- 2 min read

Սասուն Միքայելյանը չգիտի, թե ԱԺ-ն ինչ նոր օրինագիծ է քննարկել բանակի մասով, մինչդեռ լրագրողներին ասում է, թե պատգամավոր լինեմ, կհասկանամ արդյո՞ք փողով բանակից ազատվելը նորմալ է, թե՞ ո՛չ։
Նախորդ տարի Սասուն Միքայելյանը Եռաբլուրում ավելի ագրեսիվ էր տրամադրված հատկապես լրագրողների նկատմամբ, իսկ այս տարի մի փոքր «հանդարտություն» ցուցաբերեց եւ պատասխանեց լրագրողների հարցերին։
Սասուն Միքայելյանին միայն մի բան հիշեցնենք, նոր անցնենք առաջ. ընկե՛ր Սասուն, ըստ քո տրամաբանության եւ այսօրվա իշխանություններին արդարացնելու նպատակով դու ասում էիր, թե Վազգեն Սարգսյանից հետո բանակ չի եղել։ Եթե բանակ չէր եղել, ապա ինչո՞ւ էիր 1999-ից մինչեւ 2008 թ.-ը մնացել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ -ի կողքը։ Բա այն ժամանակ ինչու՞ չէիր ասում, որ բանակ չկա։ Ո՞վ էր Սերժ Սարգսյանին նախագահ առաջադրում։ Դե էն մանր-մունր բաների մասին էլ չասենք, թե ինչպես էիր տարբեր իշխանությունների օրոք օրվա իշխանության ոտքերի տակ գառ մատաղ անում։
Իսկ թե ինչպե՞ս է պատահում, որ Սասունը միշտ տարբեր իշխանությունների կողքին է լինում ճիշտ ժամանակին ու հետո արագ կողմնորոշում է՝ ի՞նչ անել, ե՞րբ անել, որ արդյունավետ լինեն իր «չարչարանքները», եւ անցնելով եկողին` փնովում է նախկիններին, դա էլ մի ուրիշ «փեշակ» է։
Ի՞նչ է տալիս դա քեզ, հատկապես, երբ հազար ու մի բանի միջով ես անցել եւ ինչպե՞ս կարելի է հանուն ազգակորածան իշխանությունների լինել ու մնալ երախտամոռ։ Մեդալներն ու կոչումները, որ նախկիններից ստացել ես, պահել ես չէ՞։ Իսկ ինչի՞ համար ես ստացել, եթե ըստ քեզ բանակ չի եղել, իսկ նախկիններն էլ ըստ քեզ ու էսօրվա քո իշխանության թալանել են ու կեղեքել բանակը։ Իսկ ինչի՞ համար ես մինչեւ հիմա պինդ պահում դրանք, բա հետ վերադարձրու նախկիններին...
Եվ վերջապես, եթե բանակ չենք ունեցել, ապա դու ո՞ւմ, կամ ինչի՞ կամանդիրն էիր։
Բոլոր տոները դարձրել եք սգո օր ու դեռ խոսելու, արդարանալու բան ունեք ու չե՞ք ամաչում։
Զարմանալու բան չկա։ Չմոռանանք, որ 2018 թվի «հեղափոխությունը» Սասուն Միքայելյանը համարեց ավելի մեծ ձեռքբերում, քան արցախյան ազատամատը։ Այն դեպքում, որ արցախյան պատերազմի ժամանակ, ինչպես ինքն է այսօր պատմում, զենքն առել է, մարդկանց հավաքել է, գնացել կռիվ ու հաղթել։
Հիմա էլ ասում է, թե միշտ էլ դավաճանություն եղել է՝ կրկին սլաքները ուղղելով նախկինների վրա։ Բայց ո՛չ մի կերպ չի անդրադառնում նրան, որ Արցախը հանձնվեց թշնամուն, ու այժմ այս ապիկար իշխանությունը փակում է Արցախի էջը։ Արցախի համար էիր չէ՞ կռվել, թե՞ չէ։ Բա մի բերան Արցախի հետագա ճակատագրի մասին խոսելն ամոթ բան է, թե՞ հետագայում կարող է խնդիրներ առաջանալ ու մի սիրուն «SMS» էլ դու ստանաս։
Իհարկե, 2018-ից հետո ամեն օր հայ ազգը իր մաշկի վրա զգում է օրվա իշխանության կողմից դավաճանության անչափելի քանակը, որ ամեն օրը թանկ է նստում ո՛չ միայն հայ մարդու, այլ նաեւ մեր պետականության, ՀՀ սահմանների ու անվտանգության վրա։
Միքայելյանն էլ է հավատում իշխանության կողմից առաջ քաշած «խաղաղություն» բառի անբովանդակ խաղին։
Ասում է, թե այսօր խաղաղության գնալը գերխնդիր է, մնացածը կերեւա։ Այսինքն՝ մի հատ էլ փորձենք թշնամու հետ խաղաղության գնալ, հետո կհասկանաք, թե ի՞նչ վտանգներ կարող են առաջ գալ։
Այն դեպքում, որ Ադրբեջանը ո՛չ միայն զինվում է, այլ ամեն օր պատրաստվում է ցանկացած մարտահրավերների։ Որովհետեւ լավ հասկանում է, թե իր ասած խաղաղությունը ինչի նման է, թե Փաշինյանի խաղաղությունը ի՜նչ գին ունի։
Ցավալի է, որ օրվա իշխանությանը հլու-հնազանդ ծառայող Երկրապահ կամավորականի «կամանդիրը» դարձել է Նիկոլի իշխանությունը ատամներով պահող թիվ մեկ պաշտպանն ու կեղծ խաղաղության օրակարգի սյունը։




















