top of page

ԵՌԱԲԼՈՒՐԸ ՄԵՐԺՈՒՄ Է

  • Arnold Gevorgyan
  • 1 hour ago
  • 2 min read


Թե ինչու Բանակի օրը Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր չի գնացել կամ ինչպես կփորձեն դա պարզաբանել՝ կարևոր չէ։ Խնդիրը նրա բացակայությունը չէ։ Խնդիրը նրա ներկայությունն է՝ որպես կերպար, որպես բեռ, որպես պատճառի մարմնավորում։ Խնդիրը նրա մեջ է, ով զգում է, որ Եռաբլուրը իրեն մերժում է, և այն սարսափը, որ առաջանում է, երբ հասկանում է՝ մի տարածք, որտեղ կյանքի ու մահվան ճշմարտությունը կայացած է, այլևս չի ընդունում նրան։

Սոսկալի, մահվան հավասար է, երբ զոհվածի ծնողն ասում է՝ եկել եմ երեխայիս գերեզմանի մոտ, որ Նիկոլը չգա ու չպղծի։ Սրանից ավելի սարսափազդու բան դժվար է պատկերացնել։ Սա քաղաքական վեճ չէ։ Սա հոգեբանական դատավճիռ է։ Սա այն կետն է, որտեղ իշխանությունը կորցնում է բարոյական մանդատը՝ մոտենալու ցավին։ Եվ այդ դատավճիռը լռում է, բայց զգացվում է՝ Եռաբլուրը իրեն մերժում է։



Որքան էլ փորձեք համոզել, որ Փաշինյանը ոչ մի կարգի զգացում չունի, պիտի հիշեցնեմ՝ նա մարդ է, ունի միս ու արյուն։ Բայց հենց դա՛ է ողբերգությունը․ մարդ լինելով՝ նա վերածվել է չարիքի սիմվոլի։ Նա ընկալվում է ոչ թե որպես անձ, այլ որպես պատկեր՝ պատերազմի, պարտության, կորուստների, կոտրված խոստումների։ Եվ երբ մարդը դառնում է պատկեր, նրա յուրաքանչյուր քայլ այլևս չի ընկալվում որպես մարդկային, այլ՝ որպես պատճառի մարմնավորում։


Հենց այդ պատճառով մարդիկ ասում են՝ նրա նկարը մի գցեք, ցույց մի տվեք, խղճացեք մեզ, չենք կարողանում նրան տեսնելու ցավը տանել։ Այստեղ արդեն հասկանալի է, թե ինչու պարտված, երկիրը նվաստացման տարած ղեկավարը պետք է հեռանա, որպեսզի մարդիկ վերագտնեն իրենց։ Եվ այս ամենի ֆոնին՝ Եռաբլուրը իրեն մերժում է։

Դժվար է առերսվել Եռաբլուրի տղերքի հետ, որոնց մայրերն իրենց որդիների քարերը գրկած պաշտպանում են մի ղեկավարից, ով ասում էր․


«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Մի ղեկավարի հետ, ում հրամանով իրենց տառապած  ծնողներին քաշքշում, նվաստացնում էին․․․


Հոգեբանական տեսանկյունից Փաշինյանի հայտարարությունը հարված է սրբությանը, կյանքի իմաստին։ Որովհետև այն անուղղակիորեն ասում է՝ զոհը կարող էր չլինել։ Իսկ եթե կարող էր չլինել՝ ինչո՞ւ կա։


Եռաբլուրը պետական տարածք չէ՝ հոգեբանական առումով, քանի դեռ այս իշխանությունը կա։ Այն դարձել է հավաքական սրբություն՝ կազմված անձնական գերեզմաններից, որտեղ յուրաքանչյուր քար մեղքի, կորստի ու անարդարության խտացված խորհրդանիշ է։ Երբ մայրը գրկում է որդու քարը, նա պաշտպանում է ոչ միայն գերեզմանը, այլ իր կյանքի վերջին իմաստը։ Եվ այդ իմաստի կողքին կանգնելը քաղաքական դերակատարի համար դառնում է աններելի ներկայություն, նույնիսկ եթե նա ֆիզիկապես ոչինչ չի անում։


Այստեղ փաստերը չեն աշխատում։ Այստեղ բացատրությունները չեն բուժում։ Սա փաստերի վեճ չէ։ Սա վիրավորված արժանապատվության արձագանք է։ Եվ երբ չկա պատասխան այն հարցին, թե ինչու կա զոհը, որը կարող էր չլինել, իսկ պատասխանատուն խոսում է պետության անունից։ Դա մահ է։



 
 
bottom of page