Հայաստանում նավթամթերքի ներմուծման վերաբերյալ նոր որոշում է ընդունվել

Հաշվի առնելով տարածաշրջանային վերջին զարգացումները՝ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում նավթամթերքի ներմուծման նոր կարգ է սահմանել։
Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով վառելիքի համապատասխանության գնահատումը՝ դիմում տալուց մինչև փաստաթուղթն ստանալը, սովորաբար տևում է 2-3 աշխատանքային օր, իսկ հանգստյան կամ տոն օրերին սահմանը հատելիս՝ ընդհուպ 4-5 օր։ Այդ ամբողջ ընթացքում ցիստեռններն ու տարաները, արագ դատարկվելու և հետ մեկնելու փոխարեն, մնում են կանգնած՝ սպասելով մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ թղթերին, ինչն էլ խաթարում է լոգիստիկ շղթայի բնականոն աշխատանքը։
Ընդունված որոշմամբ վառելիք տեղափոխող մեքենաներին թույլ կտան հատել սահմանը՝ պայմանով, որ ԵԱՏՄ տեխկանոնակարգերի համապատասխանության փաստաթուղթը կներկայացվի դրանից հետո՝ 10 օրվա ընթացքում։
Սա թույլ կտա արագ բաց թողնել տրանսպորտային միջոցները՝ առանց խախտելու օրենքով սահմանված մաքսային ընթացակարգերը։
Միաժամանակ, տնտեսվարողներին թույլատրվել է մինչև վերջնական փաստաթղթերի ստացումը բեռնաթափել և պահեստավորել վառելիքը սեփական տարածքում՝ առանց այն վաճառելու իրավունքի։




















