top of page

«Հրապարակ»․ Իրանի չպարտվելը Հայաստանում խաղի կանոններ է փոխելու

  • 6 hours ago
  • 3 min read


Իրան-ԱՄՆ պատերազմի մեկնարկից մոտ մեկուկես ամիս անց, նախօրեին լարվածության պիկին, երբ նույնիսկ միջուկային հարձակումն էր շատ մոտ, կողմերը եկան համաձայնության՝ երկշաբաթյա հրադադարի շուրջ բանակցություններ սկսել՝ ուրբաթ օրվանից։ Բանակցությունների մասին հայտարարությունը հաջորդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, որ նա առայժմ հետաձգում է իրանական քաղաքակրթությանը վերջ դնելու սպառնալիքի իրականացումը եւ երկու շաբաթով կասեցնում է հարձակումները մեր հարեւան երկրի վրա: Թրամփն իր Truth Social-ի հայտարարության մեջ նշել էր, որ ԱՄՆ-ն արդեն հասել եւ գերազանցել է իր բոլոր ռազմական նպատակները եւ շատ մոտ է Իրանի հետ երկարատեւ խաղաղության վերջնական համաձայնագրին: Նա հայտնել էր նաեւ, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ եւ հավատում է, որ դա բանակցությունների համար պիտանի հիմք է: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության են եկել գրեթե բոլոր վիճելի հարցերի շուրջ, եւ երկշաբաթյա ժամկետը թույլ կտա վերջնական տեսքի բերել ու կնքել համաձայնագիրը: Իրականում, շատերը սա գնահատեցին որպես Իրանի հաղթանակ, իսկ Թրամփի խոսքերը` ընդամենը իր դեմքը փրկելու փորձ:



Բանակցությունները դեռ չեն սկսվել, սակայն վերլուծաբանները շտապում են ազդարարել Իրանի հաղթանակի մասին կամ առնվազն արձանագրում են, որ Իրանը դիմադրեց եւ պարտություն չկրեց։ Երեկվանից հայ քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներն էլ են կանխատեսումներ անում, թե ինչպես կանդրադառնա Իրան-ԱՄՆ երկարատեւ խաղաղության կնքումը տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի վրա: Հավաքական կարծիքն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսով կորցնելու է քաղաքական հետաքրքրությունն Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի համար եւ կրկին աշխարհաքաղաքական «բոմժ» է դառնալու՝ փորձելով նոր տերեր գտնել։


Փորձառու դիվանագետ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը չի ուզում անշնորհակալ գործով զբաղվել եւ կանխատեսումներ անել, քանի դեռ բանակցությունների արդյունքները հայտնի չեն։ Այդուհանդերձ, դրական է գնահատում հրադադարը․ «Ամեն ինչ կախված է բանակցությունների արդյունքից, քանի որ դիվանագիտությունն աշխատում է, բանակցություններ են լինելու, դա արդեն իսկ լավ է, մնացած բոլոր կանխատեսումների մասին հնարավոր է խոսել բանակցություններից հետո։ Մի բան փաստ է, որ Իրանն ավելի քան դիմադրեց, եւ ներքին միասնության շնորհիվ մարդիկ կարողացան համախմբվել նման ճգնաժամային իրավիճակներում։ Իրականում, այս պատերազմը պետք է բլից-կրիգ լիներ եւ ստեղծեր ներքին անհամերաշխության մթնոլորտ, ու ներքին պառակտվածության միջոցով հասնեին հաղթանակի, բայց դա տեղի չունեցավ, որովհետեւ Իրանի ժողովրդին հաջողվեց միավորվել եւ տապալել ԱՄՆ ծրագրերը»։


Մինչդեռ քաղաքական գործիչները չեն սպասում բանակցությունների ավարտին եւ իրենց գնահատականներն են ներկայացնում, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը կարծում է․ «Եթե այս ամենն իրողություն դառնա, կարելի է ասել, որ Իրանը պատմական հաղթանակ է տարել՝ դիմակայելով երկու միջուկային տերությունների ռազմական հարձակմանը, քանի որ Թրամփը համաձայնել է ընդունել Իրանի պայմաններով ձեւավորված 10 կետանոց փաստաթուղթը՝ որպես բանակցությունների հիմք»։ Ըստ Զուրաբյանի, սա ամբողջությամբ փոխում է մեր տարածաշրջանի ճարտարապետությունը եւ հաստատում Իրանին որպես տարածաշրջանային հզոր տերություն եւ, հաշվի առնելով նրա վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, նաեւ որպես համաշխարհային մեծ խաղացող:


Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Հովիկ Աղազարյանի գնահատմամբ, Իրանի չպարտվելն իսկ մեզ համար դրական ազդեցություն է ունենալու, քանի որ Թրամփի ուղին թղթի վրա հիշողություն է մնալու․ «Համենայնդեպս, այս տարբերակով, որի շուրջ համաձայնություն է կայացվել, կյանքի չի կոչվելու կամ պետք է պայմանագրից հանվի այն կետը, որով ասվում է, որ կողմերը կարող են իրենց մասնաբաժինը երրորդ կողմին հանձնել, կամ պետք է ստորագրվի նոր համաձայնություն, եւ ծրագրին երկու կողմերից բացի մաս կազմեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը։ Եթե այդ կետը մնա, Հայաստանն այլեւս Իրանին չի կարող համոզել, որ խոսքը տնտեսական ծրագրի մասին է»։ Իրանի ոչ թե հաղթանակի, այլ չպարտվելու դեպքում անգամ, ըստ Աղազարյանի, Հայաստանը կորցնելու է նաեւ քաղաքական հետաքրքրությունն Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի համար․ «Որովհետեւ բոլորիս է հայտնի, որ թե՛ Արեւմուտքը, թե՛ ԱՄՆ-ն մեզնով հետաքրքրված են միայն նրա համար, որ մեկ` Ռուսաստանին դուրս մղեն տարածաշրջանից, մեկ՝ Իրանի դեմ օգտագործեն, հետեւաբար, եթե այդ խնդիրներն այլեւս հնարավոր չէ իրականացնել, ուրեմն մենք ինքնըստինքյան կորցնում ենք հետաքրքրությունը»։



 
 
bottom of page