top of page

Գիտնականները բացահայտել են մանկական արյան հազվագյուտ հիվանդության բջիջների գոյատևման մեխանիզմը

  • May 6
  • 2 min read


Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի (St. Jude Children's Research Hospital) գիտնականները՝ միջազգային գործընկերների հետ համատեղ, ներկայացրել են ապլաստիկ անեմիայի վերաբերյալ մինչ օրս իրականացված ամենախոշոր հետազոտությունը։

Աշխատությունը հրապարակվել է Nature Genetics ամսագրում և հիմնված է 619 պացիենտների (թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների) տվյալների վերլուծության վրա։ Հետազոտությունն իրականացվել է ժամանակակից գենոմային տեխնոլոգիաների, այդ թվում՝ միաբջիջ սեկվենավորման կիրառմամբ։

Ապլաստիկ անեմիան արյան հազվադեպ և պոտենցիալ մահացու հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջների վրա։

Արդյունքում օրգանիզմը կորցնում է բավարար քանակությամբ արյան բջիջներ արտադրելու ունակությունը, ինչը կարող է հանգեցնել ծանր բարդությունների, ներառյալ՝ միելոդիսպլաստիկ համախտանիշի կամ լեյկոզի (սպիտակարյունություն)։

Հետազոտության հիմնական արդյունքը կապված է այն մեխանիզմի հետ, թե ինչպես են որոշ բջիջներ, այնուամենայնիվ, ողջ մնում։ Գիտնականները պարզել են, որ նույն պացիենտի տարբեր ցողունային բջիջների ներսում, միմյանցից անկախ, առաջանում են գենետիկական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս նրանց խուսափել իմունային համակարգի հարձակումից։ Այդ բջիջներն «անտեսանելի» են դառնում աուտոիմունային պատասխանի համար և շարունակում են արյուն արտադրել։

Այստեղ առանցքային դեր է խաղում HLA համակարգը՝ գեների այն հավաքակազմը, որը պատասխանատու է իմունիտետի կողմից բջիջների ճանաչման համար։ Սովորաբար մարդը ժառանգում է HLA-ի երկու տարբերակ, և դրանց որոշակի համակցություններ կապված են հիվանդության բարձր ռիսկի հետ։ Որոշ ցողունային բջիջներ ձեռք են բերում փոփոխություններ, որոնք անջատում են HLA-ի «վտանգավոր» տարբերակը կամ փոխարինում այն անվտանգ տարբերակով։

Բացի այդ, բացահայտվել են «խուսափման» այլ մեխանիզմներ ևս, ներառյալ՝ պարոքսիզմալ գիշերային հեմոգլոբինուրիային բնորոշ փոփոխությունները, ինչպես նաև մուտացիաներն այն գեներում, որոնք կապված են կլոնալ արյունաստեղծման (CHIP) հետ։ Երկար ժամանակ անհայտ էր, թե արդյոք այդ փոփոխությունները տեղի են ունենում հաջորդաբար նույն բջջի մեջ, թե անկախ՝ տարբեր բջիջներում։

Նոր տվյալները ցույց են տվել, որ խոսքը հենց բազմաթիվ անկախ իրադարձությունների մասին է։ Մեկ պացիենտի մոտ կարող են ձևավորվել ցողունային բջիջների մի քանի առանձին «փրկարար» կլոններ, որոնք կապված չեն միմյանց հետ։ Միջին հաշվով գրանցվում է մոտ երեք նման կլոն, իսկ առանձին դեպքերում՝ մինչև տասնհինգ։

Այս կլոններն աստիճանաբար բնակեցնում են ոսկրածուծը՝ վերականգնելով արյունաստեղծումը: Պացիենտների մի մասի մոտ սա հանգեցնում է տևական ռեմիսիայի: Կարևոր է նշել, որ հետազոտողները կապ չեն հայտնաբերել նման «փրկված» բջիջների և լեյկոզի առաջացման բարձր ռիսկի միջև. ընդհակառակը՝ դրանք կարող են կապված լինել հիվանդության ավելի բարենպաստ կանխատեսման հետ:

Հետաքրքիր է, որ նմանատիպ մուտացիաների հաճախականությունը երեխաների և մեծահասակների մոտ նույնական է եղել, թեև փոփոխությունների ենթարկվող գեները մասնակիորեն տարբերվում են: Բացի այդ, որոշ կլոններ ի հայտ են գալիս ախտորոշումից դեռ շատ առաջ՝ երբեմն ախտանիշների հայտնվելուց տարիներ առաջ:

Գիտնականները նաև նկատել են, որ վերապրած կլոնները հաճախ բնութագրվում են CD34 մարկերի բարձր էքսպրեսիայով, ինչը պոտենցիալ կերպով կարող է օգտագործվել որպես արյունաստեղծման վերականգնման կենսամարկեր:

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տալիս, որ ապլաստիկ անեմիան ոչ միայն կործանարար աուտոիմունային գործընթաց է, այլև մի համակարգ, որտեղ օրգանիզմն ընդունակ է իրականացնել իմունային հարձակման նկատմամբ կայուն բջիջների ներքին «ընտրություն»։ Հեղինակները սա նկարագրում են որպես մարդու ոսկրածուծի ներսում կոնվերգենտ էվոլյուցիայի մի ձև, որտեղ տարբեր բջիջները կարող են միմյանցից անկախ հանգել նույն լուծմանը։

 
 
1/2177
bottom of page