top of page

Ապաստարանի վրա կառուցել են ինքնակամ շինություն. Ի՞նչ են քանդում Աբովյան փողոցում

  • 9 hours ago
  • 1 min read


Այսօր առավոտից շինությունների քանդման ակտիվ աշխատանքներ են իրականացվում Աբովյան փողոցի մայթերին՝ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից քիչ այն կողմ։

«Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ՝ տարածքը բացազատում ենք»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։

Նրա խոսքով՝ տարածքի ստորգետնյա հատվածում նախկինում եղել է ապաստարան, որը հետագայում տնտեսվարողների կողմից զավթվել և վրան շինություն են կառուցել։

«Այս հատվածից մինչև դալանի մոտ բոլորը անօրինական կառուցված շինություններ են։ Նույն անձին են պատկանում երկու շինությունն էլ, բայց ամբողջությամբ ապօրինի են։ Այստեղ ապաստարան է եղել, որի վրա կառուցվել է ապօրինի շինություն»,- ասաց Բաբայանը։

Նա տեղեկացրեց, որ տվյալ տարածքի վարձակալության իրավունքը դեռևս գործում է, սակայն մոտ ապագայում նախատեսվում է լուծարել նաև  պայմանագիրը։ Բաբայանի խոսքով՝ սեփականատերը քանդման աշխատանքների վերաբերյալ զգուշացվել է նախորդ օրը, իսկ ծանուցումը հրապարակվել է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, ինչը համարվում է պատշաճ ծանուցում։

«Տնտեսվարողին զգուշացնելու նպատակն այն է, որ հնարավորինս իրենց գույքը առանց վնասելու տեղափոխեն այլ սեփականության իրավունքով տարածք։ Օրենքի պահանջով կարող էինք ընդհանրապես չզգուշացնել, բայց զգուշացնելը ավելի մարդասիրական մոտեցում է»,- նշեց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու տնտեսվարողները նախապես չեն տեղեկացվում նախատեսվող աշխատանքների մասին, Բաբայանը պարզաբանեց, որ նման քայլը կարող է խոչընդոտել գործընթացին։

«Նախապես չենք ասում, քանի որ տնտեսվարողները դիմում են վարչական դատարան, և դեպքեր են լինում, որ վարչական դատարանը որոշում է, որ քաղաքապետարանը այս պահին չի կարող քանդման աշխատանքներ իրականացնել»,- եզրափակեց Բաբայանը։

 
 
1/2253
bottom of page