top of page

Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet

  • 16 hours ago
  • 2 min read


2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ) կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: ՍիվիլՆեթն ուսումնասիրել է նորընտիր ԱԺ-ի պատգամավորների ամենաթարմ հայտարարագրերը, որոնք նրանք ներկայացրել էին ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այս հայտարարագրերը ներառում են 2025-ի ապրիլի 1-ից մինչև 2026-ի նույն ժամանակահատվածը պատգամավորների գույքի և եկամուտների մասին տվյալները։ Մենք յուրաքանչյուր խմբակցությունից առանձնացրել ենք ամեահարուստ երեք պատգամավորներին։ 

«Քաղաքացիական պայմանագիր» 

«Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր պատգամավորների մեջ ամենահարուստներից Ռուստամ Բաքոյանն է՝ ազգային փոքրամասնության ցուցակով ընտրված թեկնածուներից մեկը։ Նա հայտարարագրել է շուրջ 140 մլն դրամ և 46,000 դոլար։ Այս գումարը Բաքոյանը վաստակել է ոչ թե Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձից, այլ գյուղատնտեսական գործունեությունից։ ԱԺ պատգամավորի աշխատավարձից նա ստացել է ավելի քան 14 մլն դրամ եկամուտ։

Բաքոյանն ունի մեկ բնակարան Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում (55 քմ) և անհատական բնակելի տուն Արարատի մարզի Նոր կյանք գյուղում (322 քմ)։

ՔՊ-ի պատգամավորների շարքում երկրորդ ամենահարուստն է Գոռ Արշակյանը, որը մինչ այս զբաղեցրել է «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ Նա հայտարարագրել է 14,3 մլն դրամ բանկային ավանդ, ինչպես նաև կանխիկով՝ 17 մլն դրամ ու 5,000 դոլար։ Անշարժ գույքից ունի բնակելի տներ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, շինություն և հողամաս նույն մարզում և մեկ բնակարան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տրանսպորտի տեղամասի պետ և անհատ ձեռնարկատեր Տիգրան Գալստյանը երրորդն է այս ցուցակում։ Նրա դրամական միջոցները կազմել են 13,6 մլն դրամ, 31,800 ԱՄՆ դոլար և 2,600 եվրո։ Նա երկու անձանցից յուրաքանչյուրից ավելի քան 9,000 դոլար նվիրատվություն է ստացել։ Նորընտիր պատգամավորն ունի հողամասեր Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, հասարակական նշանակության շինություններ ու բնակարան։

«Ուժեղ Հայաստան» 

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորների ամենահարուստ հնգյակը գլխավորում է այս քաղաքական ուժի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանը հայտարարագրել է 16,5 մլն դրամ, ավելի քան 1,8 մլն դոլար և 2,1 մլն եվրո։ Նա տիրապետում է Լոռու մարզում գտնվող մի շարք հողամասերի (ընդհանուր առմամբ շուրջ երկու հեկտար), ինչպես նաև ունի երկու փոխադրամիջոց՝ Mercedes-Benz S580 Maybach (2021 թ.) և Toyota Camry 2.5 (2025 թ.)։

Կարապետյանը եկամուտ է ստացել «Տաշիր Կապիտալից»՝ որպես աշխատավարձ, ինչպես նաև ստացել է շուրջ 56,2 մլն դրամ նվիրատվություն Արթուր Հովագիմյանից։ Նա «Տաշիր Ագրո» ընկերության 100 տոկոսանոց, «Սյունէներգաշին» ընկերության գրեթե ամբողջական և «Ռի Թաուեր» ընկերության կես մասնաբաժնի սեփականատերն է։ Նա նաև ամենահարուստն է նոր ձևավորվող խորհրդարանի բոլոր պատգամավորների ցանկում։

Երկրորդն է Դավիթ Ղազինյանը, որը հայտարարագրել է 100 մլն դրամ, 200,000 դոլար և 50,000 եվրո դրամական միջոցներ։ Ղազինյանն ունի մի քանի անշարժ գույքեր Երևանում՝ այդ թվում բնակելի տներ Քանաքեռ-Զեյթունում և Արաբկիրում, հողամաս Աշտարակում, ինչպես նաև Կոտայքի մարզում գտնվող հողամասեր։ Նրա ավտոպարկում են BYD Sea Lion 06 EV (2025 թ.), Lixiang L9 Ultra 1.5 Plug-in Hybrid (2024 թ.), Volkswagen ID6 Crozz Pro (2022 թ.) և Toyota Camry 2.0 (2018 թ.)։ Ղազինյանը «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունից» ստացել է շուրջ 19,6 մլն դրամ աշխատավարձ և չորս ընկերություններում ունի տարբեր չափի բաժնեմասեր։

Երրորդն է Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի պաշտպանը և «Ջեն Ֆի ֆինանսատեխնական գրասենյակ» ընկերության հիմնադիր-փաստաբանը։ Նա հայտարարագրել է 175 մլն դրամ և 29,000 դոլար կանխիկ։ Վարդևանյանն ունի ավտոկայանատեղի և երկու բնակարան Երևանում (գնման պայմանագրերով), ինչպես նաև երկու մեքենա՝ BYD Yuan Plus (2024 թ.) և Lexus RX 350 (2022 թ.)։ 

Նրա եկամուտների աղբյուրների թվում են «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը (ընկերության իրական շահառուներից է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը), «Տաշիր Կապիտալը» և «Ջեն Ֆի» գրասենյակը, որտեղից ստացել է աշխատավարձ, ինչպես նաև «Էրեբունի Պլազա» ընկերությունից ստացած գումար։ Նա հանդիսանում է «Ջեն Ֆի ֆինանսատեխնական գրասենյակ» ընկերության 67%-անոց մասնաբաժնի սեփականատեր։

 
 
1/2253
bottom of page