ԻՏԱԼԻԱՅԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ՝ ԲԱՔՎԻ «ԷԺԱՆ» ՀԱՃԱԽՈՐԴ․ ՀՀ ԱԳՆ-Ն ՊԵՏՔ Է ԱՐՁԱԳԱՆՔԻ
- Armen Sukiasyan
- Oct 26, 2024
- 2 min read

Հոկտեմբերի 24-ին ԵՄ խորհրդարանն Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման եւ Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձեւ է ընդունել: Ի թիվս այլնի, ԵԽ-ն վերահաստատել է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից, կոչ է արել Ադրբեջանին՝ միանշանակ պարտավորվել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ սուբյեկտի նկատմամբ:
Բանաձեւն արցախահայերի բռնի տեղահանումն ուղղակիորեն կոչում է էթնիկ զտում, անդրադառնում է նաեւ Բաքվում 23 հայ ռազմագերիների առկայությանը եւ այլն: Բնական է, որ անառարկելի փաստերը պիտի հիստերիա բարձրացնեին Ադրբեջանում, ինչը եղավ այդ երկրի խորհրդարանի եւ ԱԳՆ-ի մակարդակով: Բայց զավեշտալին, եթե ոչ՝ տարակուսելին, այն է, որ Բաքվի քարոզչամեքենայի հակահայկական արշավին լծվել է նաեւ Իտալիայի պես ժողովրդավարական երկրի ԱԳՆ փոխարտգործնախարար, հակահայկական դիրքորոշմամբ հայտնի Էդմոնդո Չիրիելին: Նա սուր քննադատության է ենթարկել հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը՝ նշելով, որ իր կուսակցությունը չեզոք դիրք է գրավել, եւ որ ինքը զարմացած է բանաձեւի ընդունումից։
«Բանաձեւը լի է պատմական եւ իրավական խեղաթյուրումներով։ Հայաստանն էր, որ օկուպացրեց ոչ միայն Ղարաբաղը, այլեւ այն տարածքները, որտեղ միայն ադրբեջանցիներ էին ապրում։ Նրանց հեռանալու պատասխանատվությունը կրում է ոչ թե Ադրբեջանը, այլ հայ անջատողականները՝ Ռուսաստանի աջակցությամբ։ Ավելի քան 750 հազար ադրբեջանցիներ ստիպված են եղել լքել իրենց հողերը»,- նշել է Ադրբեջանի հաճախորդ դարձած եվրոպացի պաշտոնյան: Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքում «ադրբեջանական զորքեր չկան, իսկ տարածքների հարցը լուծված է, եւ Հայաստանն ինքն է հաստատել դա՝ Ադրբեջանին տալով ապօրինի պահվող գյուղերը»։
Շարունակելով հակահայկական թույն տարածել, որն ուղեկցվել է ՌԴ-ի դեմ մեղադրանքներով, Չիրիելին շարունակել է. «Ադրբեջանն Իտալիայի եւ ԵՄ-ի ռազմավարական գործընկերն է ոչ միայն էներգետիկ եւ տնտեսական, այլ նաեւ քաղաքական առումով, քանի որ խոչընդոտում է ռուսական զորքերի տեղակայմանը Կովկասում։ Ի տարբերություն Ադրբեջանի, ռուսական զորքերը ներկա են Հայաստանում եւ Վրաստանի օկուպացված տարածքներում՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում»։ Ի դեպ, առաջին անգամ չէ, որ իտալացի բարձրաստիճան դիվանագետը հակահայկական արտահայտություններ է անում եւ արդարացնում ագրեսոր Ադրբեջանի ցեղասպան գործողությունները: Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված արյունալի գործողություններից հետո, որի արդյունքում բռնի տեղահանվեց արցախահայությունը, հայաթափվեց Արցախը, նա հայտարարել էր, որ Եվրոպայում կան ուժեր, որոնք հրահրում են հայկական ազգայնականությունն ու ռեւանշիզմը: Այս մասին Չիրիելին ասել էր իտալական For-miche թերթին տված հարցազրույցում: Նա նշել էր նաեւ, որ Եվրոպան եւ, մասնավորապես, Իտալիան պետք է ջանքեր գործադրեն՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար։
Միաժամանակ, Իտալիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալը Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի խոսքերը, որը սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի արյունալի օպերացիան անվանել էր «ադրբեջանական հարձակում», «իսկական խելագարություն» էր անվանել։ Նրա պնդմամբ՝ «Ադրբեջանը երբեք գործողություններ չի իրականացրել Հայաստանի տարածքի դեմ, եւ դա հայտնի փաստ է, որը հաստատում են ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովները։ Փոխնախարարը նշեց, որ հայերի կողմից Ղարաբաղի լքումը հրահրվել է ոչ թե ադրբեջանական զորքերի, այլ անջատողականների կողմից, որոնք ռեպրեսիաներ են իրականացրել տարածաշրջանում՝ լարվածության լրացուցիչ պատճառ ստեղծելու համար»: Իտալիայի հետ բարեկամական եւ դարավոր կապեր ունեցող Հայաստանի համար սա, իհարկե, ցավալի իրողություն է:
Բայց զգացմունքային արձագանքից առավել կարեւոր է, որ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական բացատրություն պահանջի պաշտոնական Հռոմից, ընդհուպ՝ մեր երկրում Իտալիայի դեսպանին բողոքի հայտ հղի: Մի բան, որ ընդունված է դիվանագիտական աշխարհում, առավել եւս՝ քաղաքակիրթ աշխարհում:




















