Վարդանյան Ծովիկն աղավաղել է պետության հասկացությունը
- 58 minutes ago
- 1 min read

Վարդանյան Ծովիկը, հայտարարելով, որ հայրենիքն իր համար մարդիկ են, այլ ոչ թե հողը, անթույլատրելի է համարել այն, որ որևէ երիտասարդ իրեն կարող է մեղավոր զգալ՝ խաղաղության մեջ ապրելու ցանկություն ունենալու համար:
Նախ արձանագրենք, որ Ծովիկի փորձը՝ տարանջատելու հայրենիքը հողից և այն հանգեցնելու բացառապես մարդկային գործոնին, այլանդակ մանիպուլյացիա է, որ աղավաղում է հայրենիքի հասկացությունը. պետության անքակտելի հիմքերն են տարածքը, այսինքն՝ հողը, բնակչությունը և ինքնիշխանությունը, որի տարրերից մեկն էլ ասենք ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու ունակությունն է։ Փորձելով իբր թվալ հումանիստ՝ Ծովիկը վերացարկել է հայրենիքի հասկացությունը, որպեսզի այն, ինչ որ արեց ՔՊ-ն Հայաստանի ու Արցախի հետ, հեշտ մարսվի: Մինչդեռ հողից հրաժարվելը՝ հանուն մարդկանց կյանքերի, ի վերջո հանգեցնում է նաև մարդկանց կորստի, քանի որ անպաշտպան տարածքում անհնար է պաշտպանել մարդուն, և սա է ապացուցում նույն Արցախի ճակատագիրը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են մարդիկ վախենում խոսել խաղաղ կյանքով ապրելու իրենց ցանկոււթյան մասին, ապա նկատենք, որ դրա մեղավորն էլ է ՔՊ-ն. այն խաղաղությունը, որը հիմա կա, իրականում ստորացուցիչ կապիտուլյացիա է: Խոսելով խաղաղության մեջ ապրելու ցանկության մասին՝ բանական մարդիկ ենթագիտակցորեն հասկանում են, որ ներկայիս խաղաղությունն ամոթալի է, ուստի հայտնելով ցանկություն՝ ապրելու խաղաղության մեջ, նրանք կարծես հաշտվում են ներկայիս դառն իրողությունների հետ:
Խաղաղություն կոչվածը ՔՊ-ականներն այնպես են աղավաղել, որ այն դարձել է պարտության հոմանիշը, ինչն ուղղակի ողբերգություն է:




















