top of page

Սարիկ Մինասյանն այլևս ՔՊ-ի սրտի թեկնածուն չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար

  • 2 hours ago
  • 2 min read


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ Գյումրիում անհրաժեշտ է անցկացնել արտահերթ ընտրություններ։


Նախօրեին լրագրողների հետ զրույցում նա կրկին վերահաստատել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ քաղաքում առկա է կառավարման ճգնաժամ, վերջին մեկուկես ամսվա ընթացքում որևէ լուրջ խնդիր չի լուծվել, և Գյումրին միանշանակ արտահերթ ընտրությունների կարիք ունի։ Նրա խոսքով՝ ՔՊ-ն իր թեկնածուի մասին կհայտարարի միայն այն ժամանակ, երբ հստակեցվի արտահերթ ընտրությունների օրը։ Ակնհայտ է, որ Սարիկ Մինասյանի նման հետևողական հայտարարությունները պատճառ ունեն. նա դեռևս չի հրաժարվել Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնելու մտադրությունից։


Մինչդեռ «Հրապարակ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները այլ բան են ասում։ Ըստ մեր աղբյուրների` Սարիկ Մինասյանն այլևս իշխանության սրտի նախընտրելի թեկնածուն չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ընտրությունների ընթացքում նրա վարքագիծը դժգոհություն է առաջացրել թե՛ քաղաքացիների, թե՛ կուսակցության ներսում։ Խոսքը վերաբերում է քաղաքացիների հետ ֆեյսբուքյան հարթակում Մինասյանի հրապարակային վիճաբանություններին, հայհոյանքներին, նրա գոռոզ ու կոշտ պահվածքին։ Դժգոհությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանին, որից հետո ՔՊ-ում նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։


Թերևս պատահական չէր նաև, որ Սարիկ Մինասյանը տեղափոխվեց Ազգային ժողով՝ հեռանալով նաև ՀԷՑ֊ի Շիրակի մասնաճյուղի տնօրենի պաշտոնից։ Մինչ Մինասյանը հոգու խորքում փայփայում է քաղաքապետ դառնալ, ըստ մեր աղբյուրների, իշխանությունը բոլորովին այլ պլաններ ունի։ Կառավարությունը 2027 թվականի սկզբին նախատեսում է լուծարել մարզպետարանների ինստիտուտը։ Այդ նախաձեռնությունը, ինչպես հայտնի է, դժգոհություն է առաջացրել մարզպետարանների աշխատակիցների և հատկապես մարզպետների շրջանում։


Միաժամանակ, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում փոխվել է նաև իշխանության վերաբերմունքը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի նկատմամբ։ Թեև ավելի վաղ տեղեկություններ կային, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նրա աշխատանքից և նույնիսկ քննարկում է պաշտոնանկության հարցը, ընտրություններից հետո իրավիճակը փոխվել է։ Ընտրական գործընթացներից հետո Փաշինյանը եկել է այն եզրակացության, որ Դավիթ Առուշանյանը ներկայումս ՔՊ-ի համար առավել ընդունելի և հավասարակշռված կերպարներից է, և եթե մարզպետարանների լուծարման ծրագիրը կյանքի կոչվի, որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնի հավանական թեկնածու հենց Առուշանյանին էլ կդիտարկեն։


Իսկ թե ինչ ճանապարհով ՔՊ-ն կարող է Առուշանյանին հասցնել Գյումրու քաղաքապետի պաշտոնին, ըստ մեր աղբյուրների՝ այդ սցենարը շարունակում է մնալ ՔՊ֊ի քննարկումների փուլում, քանի որ գործող իրավական կարգավորումներով նման զարգացումների համար ակնհայտ մեխանիզմ առայժմ գոյություն չունի։ Հետևաբար, չի բացառվում, որ իշխանությունը փորձի գտնել նոր քաղաքական կամ իրավական լուծումներ՝ իր նպատակին հասնելու համար։


Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում իշխանությունը գտնվում է ընդդիմադիր չորս խմբակցությունների ձեռքում։ Քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Արաքելյանը հրաժարվեց Ազգային ժողովի պատգամավորի մանդատից՝ շարունակելով պաշտոնավարել համայնքի ղեկավարի պաշտոնում։ Նրա պնդմամբ՝ այդ որոշման նպատակն էր պահպանել Գյումրիում ձևավորված իշխանությունը և թույլ չտալ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» զավթի Գյումրին։





 
 
bottom of page