Ջավախքցիները դժգոհում են Ախալքալաք-Կարծախ գրեթե անանցանելի ճանապարհից
- 6 hours ago
- 2 min read

Ախալաքալաք-Կարծախ միջպետական նշանակության ճանապարհի վիճակը կրկին ծայրահեղ ծանր է։ Jnews.gе-ն գրում է, որ բողոքներ է ստացել բնակիչների և վարորդների կողմից։ Վերջին անգամ թեթևակի հարթեցման աշխատանքներ կատարվել են ապրիլ ամսին ու դադարեցվել են մինչև օրս։ Անձրևներից հետո հսկայական փոսեր են առաջացել և ճանապարհի վիճակը դարձել է գրեթե անանցանելի։
Ախալքալաք-Կարծախ ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտավորապես 30 կմ է։ Անցյալ տարի ասֆալտապատվել է Կարծախ գյուղից մինչև «Կարծախ»-ի մաքսային անցակետ տանող հատվածը։ Ճանապարհը լավ վիճակում է, սակայն Ախալքալաքից մինչև Կարծախ գյուղ ընդհանուր ճանապարհը վատ վիճակում է։
Տեղ-տեղ հարթեցման ու ամրացման աշխատանքներ են տարվել, սակայն կան հատվածներ, որոնք գրեթե անանցանելի են և բարդացնում են ինչպես բնակիչների, այնպես էլ վարորդների համար։
«Ես երկար ժամանակ այդ ճանապարհով չէի գնացել դեպի Կարծախ, հունիսի 4-ին գնացի ու փոշմանեցի, ինչքան էլ գումար առաջարկեն, էլ չեմ գնա, մեքենաս 2 անգամ խփեցի»,- ասել է վարորդներից մեկը։
«Գյուղում կյանքը ավելի է բարդացել ճանապարհի պատճառով, եթե նախկինում 15 րոպեում հասնում էինք քաղաք, հիմա 1 ժամ է տևում ճանապարհը, մեքենաներն էլ ջարդվում են»,- բողոքել է Բոզալի գյուղի բնակիչներից մեկը։
Մեկ այլ բնակիչ բողոքել է «Գնում էինք Վաչիան՝ մեր բարեկամի տուն, տեսանք, որ մեզնից առաջ գնում է շտապ օգնության մեքենան, որը բացարձակ չէր կարող անցնել փոսերի միջով, ու ես մտածում էի, թե ինչ վիճակում է գտնվում հիմա այն հիվանդը, ով սպասում է շտապ օգնությանը»։
Ախալքալաքի բերդից մինչև Վաչիան գյուղ ճանապարհի վերանորոգման աշխատանքներով զբաղվում է ՍՊԸ «Ճանապարհաշինության թիվ 1 վարչություն»-ը։ Կատարվել են ամրացման աշխատանքներ, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։
ՍՊԸ «Ճանապարհաշինության թիվ 1 վարչության» աշխղեկ Էդիկ Միքայելյանը ասել է․ «Դադեշից մինչև Կարծախի ճանապարհային հատվածը դեռևս նախագծային մշակման փուլում է։ Թիֆլիսում աշխատում են նախագծի վրա, որից հետո նոր կկնքեն պայմանագիր և նոր կսկսվեն աշխատանքները»։
Այն հարցին, թե հայտնի է արդյոք, թե որ կազմակերպությունն է կատարելու ճանապարհաշինական աշխատանքները, նա պատասխանեց․ «Դեռևս հայտնի չէ, հնարավոր է մեզ էլ տան, այս պահին չեմ կարող ասել թե պայմանագիրը ո՞ր կազմակերպության հետ կկնքեն»։
Jnews-ը փորձել է նաև կապ հաստատել Վրաստանի ճանապարհային վարչությոան հետ, որտեղից պատասխանել են, որ ընթացիկ վերանորոգման աշխատանքները կվերականգնվեն մեկ շաբաթ հետո։ Այն հարցին, թե ինչ է սպասվում Դադեշից Կարծախ ընկած հատվածին, դեռևս պատասխան չեն ստացել։




















