top of page

Ի՞նչ ենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից

  • 3 hours ago
  • 2 min read


Որևէ մեկը չի կարող լսել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությունը և ասել՝ այդպես չէ։ Երբ պայքարի մեջ մտած ուժը հայտարարում է․ «Ես ուզում եմ այսօր ֆիքսենք, թե ի՞նչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից», դա պարզապես ձևակերպում չէ․ դա քաղաքական գնահատական է և միաժամանակ՝ ազդարարում նոր փուլ մտնելու մասին։



Այդ ձևակերպմամբ Նիկոլ Փաշինյանն արդեն ներկայացվում է որպես նախորդ իշխանություն։ Նման շեշտադրում կարող է իրեն թույլ տալ այն քաղաքական ուժը, որը ոչ միայն մտել է պայքարի մեջ, այլ նաև համոզված է իր ճանապարհի և հնարավոր արդյունքի մեջ։ Նման բան կարող է իրեն թույլ տալ այն ուժը, ով ստուգել է արդեն քաղաքական բոլոր ռելսերը և գիտի, որ գնացքը անվնաս կարող է տեղ հասցնել։ Սա վստահության լեզու է, ոչ թե ենթադրության։

Հայտարարության մեջ թվարկվում են բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը ներկայացնենք՝ հասկանալու, թե իրականում ինչ է ժառանգվել․

Ժառանգել ենք․

Կորսված երկրորդ հայրենիք

Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ

Մեծացրած Եռաբլուր

Վստահության կորուստ դաշնակիցների կողմից

Աշխարհաքաղաքական բախման կետ դարձած Հայաստան

Բաքվում պահվող հայ գերիներ

Տապալված տնտեսություն

21% աղքատություն

Վարկերի տակ ճռռացող հասարակություն

15 միլիարդին մոտեցող պետական պարտք

Սփյուռքի ներուժի ոչնչացում

Ներդրողների բացարձակ անտարբերություն:

․․․

Այս ցանկը կարելի է շարունակել գրեթե անվերջ։ Եվ այստեղ ամենակարևոր հարցը մնում է նույնը՝ ո՞ր կետի հետ համաձայն չեք։ Ո՞րն է կեղծ կամ չափազանցված։

Սրանք արդեն քաղաքական գնահատականներ չեն, այլ հանրային լայն ընկալման մաս դարձած իրողություններ։ Պարզապես արձանագրվում է քաղաքական ուժի կողմից։

Այս համատեքստում ավելի հասկանալի է դառնում, թե ինչու է կայացած, կայուն կյանք ունեցող հայ մարդը թողնում իր հանգիստը և մտնում քաղաքական ծանր պայքարի մեջ։ Որովհետև խոսքը ոչ թե իշխանության, այլ երկրի բեռի մասին է։ Այն բեռի, որը, ըստ այս գնահատականի, դրվել է ժողովրդի ուսերին։

Երբ ասում են «նախորդ իշխանություն», դա միայն ժամանակային բնորոշում չէ։ Դա նաև ակնկալիք է՝ փոփոխության, պատասխանատվության և վերականգնման։

Եվ այստեղ արդեն ձևավորվում է հիմնական քաղաքական թեզը․

Հայաստանի ապագան դիտարկվում է ոչ թե գործող իշխանության շարունակության, այլ դրա հաղթահարման համատեքստում։ Որովհետև, այս տրամաբանությամբ,

երկիրը սիրող քաղաքացին կանգնում է ոչ թե որևէ անձի, այլ Հայաստանի կողքին։

Իսկ առաջարկվող լուծման բանաձևը հնչում է պարզ ու կոշտ՝ փրկությունը՝ առանց Նիկոլ Հայաստանի մեջ է։



 
 
1/2096
bottom of page