top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱԼԻԵՒԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՂԵԿԱՎԱՐ Է

  • Armen Sukiasyan
  • Oct 26, 2024
  • 2 min read

Ալիեւի եւ Փաշինյանի կազանյան շփումներից հետո, երբ հայկական միջավայրում բուռն քննարկումներ էին գնում, թե հայկական կողմն արագ-արագ վավերացնում է սահմանազատման կանոնակարգը, իսկ Բաքուն մատը մատին չի տվել, Բաքուն անսպասելիորեն տեղեկացրեց, որ Իլհամ Ալիեւը հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը։ Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Փաշինյանի հլու կամակատար Վահագն Խաչատուրյանն արդեն դակել է ԱԺ-ի վավերացրած կանոնակարգը։ Նա դա արել էր հոկտեմբերի 24-ին, երբ հայկական մեդիատիրույթում Նիկոլ-Իլհամ կազանյան ջերմ զրույցի կադրերն էին տարածվում, բայց տեղեկությունը հրապարակվեց նախօրեին, ըստ ամենայնի, Փաշինյանի՝ ադրբեջանցի գործընկերոջից դրական հավաստիացում ստանալուց հետո։ 



Հայաստանն ու Ադրբեջանը, փաստորեն, հանրություններին սինքրոն տեղեկացրին, որ երկու երկրների նախագահները սահմանազատման կանոնակարգը ստորագրել են։ Եթե Հայաստանի իշխանության պարագայում սա առավել քան սպասված էր, Ադրբեջանի այս օպերատիվությունը որոշ եզրակացությունների տեղիք է տալիս։ Նախ, մինչ Կազանը, կանոնակարգը ստորագրելու վերաբերյալ ոչ մի ազդակ Բաքուն չէր հղում, ընդհակառակը՝ հռետորաբանությունն էր կոշտացնում, իսկ ՔՊ-ական իշխանությունները բացարձակ անտեղյակ էին, թե ինչ փուլում է գործընթացն Ադրբեջանում։ Համենայնդեպս, նրանք հրապարակավ հայտարարում էին՝ գիտեն միայն, որ օգոստոսի 31-ի դրությամբ Բաքուն այն չի վավերացրել։ Իհարկե, ամենեւին չի բացառվում, որ Փաշինյանն ուղիղ է կոմունիկացվում Ալիեւի հետ ու ոչ միայն հայ հասարակությունից, այլեւ սեփական թիմից է թաքցնում բանակցային դետալները, եւ հենց նրա հորդորով է Ալիեւը վավերացրել վտանգներով լի այդ կանոնակարգը։ 


Այդուհանդերձ, ի՞նչ փոխվեց Փաշինյան-Ալիեւ «սիրառատ» զրույցից ու առանց միջնորդների հանդիպումից հետո։ Լսե՞ց Ալիեւը Փաշինյանի թախանձագին խնդրանքները ու եթե չի ստորագրում կիսով չափ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, գոնե կանոնակարգն արագ ստորագրեց, որ Փաշինյանը ներքին լսարանին ցույց տալու մի բան ունենա, կարողանա ասել, թե գործընթացը շարունակվում է։ Թե՞ Բաքվի որոշման վրա ազդեց ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի նամակը, որտեղ նա կոչ էր անում՝ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրել, թեեւ Ադրբեջանի ցանկությամբ, այսպես կոչված, սահմանազատման գործընթացն առանձնացված է հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացից։


Մյուս կողմից՝ հատկապես, այսպես կոչված, սահմանազատման հարցում Բաքուն ինքն է շտապում՝ օր առաջ ավելին ստանալ իրեն ամեն ինչ տվող իշխանությունից։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է` Ադրբեջանի կողմից կանոնակարգի ստորագրումը սպասելի էր, որովհետեւ, հակառակ դեպքում, Հայաստանի կողմից այն վավերացնելու պայմանավորվածություն չէր լինի։ Այս կանոնակարգը, նրա խոսքով, ամբողջությամբ շահավետ է Ադրբեջանի համար, որովհետեւ այն ենթադրում է հատվածական սահմանազատում։ 


«Ադրբեջանն այն հատվածներում, որտեղ հարմար կգտնի, կլեգիտիմացնի, որտեղ հարմար չի գտնի, չի լեգիտիմացնի, այսինքն՝ արդեն ընդհանուր կոնտուր գոյություն չունի, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի, Ադրբեջանն էլ՝ Հայաստանի։ Ֆորմալ առումով հայտարարվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց գործնականում Ադրբեջանն ինքն է փորձելու գծել Հայաստանի սահմանները։ Թե որտեղ իրեն շահավետ կլինի, ոչ ոք չի կարող ասել, բայց այն, որ այս որոշմամբ Փաշինյանը լեգիտիմացնում է Ադրբեջանի ճնշումները, ակնհայտ է»,- «Հրապարակ»-ին ասում է Երվանդ Բոզոյանը։ 


Մեր զրուցակիցը չի կարծում, թե Ջո Բայդենի նամակը վճռորոշ դեր է խաղացել կանոնակարգն ստորագրելու Ալիեւի որոշման հարցում, չնայած ԱՄՆ-ի շահագրգռությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանն օր առաջ պայմանագիր ստորագրեն, ինչը, ինչպես մեր զրուցակիցն է ասում, թույլ կտա Հայաստանն ամբողջությամբ «մտցնել իրենց տակ»։ 


«Ադրբեջանը, փաստացի, պայման է դրել, որ պետք է լինի սահմանադրության փոփոխություն, եւ ակնարկում է, որ պայմանագիր պետք է կնքի ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ՝ շատ լավ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր ղեկավար է։ Ադրբեջանի շահագրգռությունը հասկանալի է, ԱՄՆ-ինը հասկանալի է, եւ հասկանալի է նաեւ Փաշինյանի շահագրգռությունը։ Նա ոտքով-գլխով կախված է ամերիկացիներից, եւ, ըստ էության, նրա իշխանության պարագայում Հայաստանը պատանդի կարգավիճակում է հայտնվել»,- համոզմունք է հայտնում Երվանդ Բոզոյանը։

 



bottom of page