Էնդոմետրիոզն ախտահարում է ամբողջ օրգանիզմը, այլ ոչ միայն փոքր կոնքի օրգանները. հետազոտություն
- Jul 19
- 2 min read

Էնդոմետրիոզը կապված է ախտանիշների լայն շրջանակի հետ, որոնք դուրս են գալիս կոնքի ցավի սահմաններից՝ ներառելով միգրենը, մարսողության խանգարումները, տագնապայնությունը, դեպրեսիան և խրոնիկական հոգնածությունը: Նման եզրակացության են հանգել Սան Պաուի (IR Sant Pau, Իսպանիա) հետազոտական ինստիտուտի հետազոտողները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Human Reproduction հանդեսում և վկայում են նրա մասին, որ էնդոմետրիոզը պետք է դիտարկել որպես բարդ համակարգային հիվանդություն, այլ ոչ թե սոսկ գինեկոլոգիական ախտաբանություն:
Վերլուծելով All of Us Research Program ծրագրին մասնակցած ավելի քան 22 հազար կանանց կլինիկական տվյալները՝ գիտնականները հայտնաբերել են ախտանիշների մի քանի բնորոշ խմբեր, որոնք օգնում են բացատրել, թե ինչու է հիվանդությունը դրսևորվում այդքան տարբեր կերպ և ինչու է դրա ախտորոշումը հաճախ տարիներ տևում:
Էնդոմետրիոզից տառապում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 10%-ը, սակայն ախտորոշումը հաճախ հաստատվում է առաջին ախտանիշների ի հայտ գալուց միայն 4-11 տարի անց: Հետազոտողների պատմելով՝ դա պայմանավորված է նրանով, որ հիվանդության դրսևորումները չափազանց բազմազան են և հաճախ ընկալվում են որպես ինքնուրույն, միմյանց հետ չկապված խնդիրներ:
Հետազոտության ընթացքում վերլուծվել է 19 ախտանիշ և ուղեկցող վիճակ, դրանց թվում՝ խրոնիկական կոնքային և որովայնային ցավը, ստամոքսաղիքային խանգարումները, միգրենը, տագնապայնությունը, դեպրեսիան, խրոնիկական հոգնածությունը, անպտղությունը և գրգռված աղիքի համախտանիշը:
Նախադաշտանադադարային շրջանում գտնվող կանանց առումով գիտնականներն առանձնացրել են չորս հիմնական կլինիկական պրոֆիլ: Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ բուժառուի մոտ նկատվել է հիվանդության առավել ծանր ընթացք՝ արտահայտված ցավով, ստամոքսաղիքային ախտանիշներով և հուզական խանգարումներով: Ամենաբազմամարդ խումբը բնութագրվել է չափավոր ախտանիշներով՝ հիմնականում ցավային համախտանիշով և հուզական խանգարումներով: Եվս մեկ խոշոր խումբ առանձնացել է նյարդաբանական և հոգեբանական դրսևորումների գերակշռությամբ՝ միգրենով, տագնապայնությամբ և դեպրեսիայով: Կանանց մոտ մեկ հինգերորդն ունեցել է հիվանդության համեմատաբար թեթև ընթացք:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ էնդոմետրիոզը միշտ չէ, որ դրսևորվում է այնպես, ինչպես ընդունված է կարծել: Եթե կողմնորոշվենք միայն կոնքային կամ դաշտանային ցավով, կարող ենք բաց թողնել մեծ թվով բուժառուների»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Դորա Կոլերը:
Հեղինակները կարծում են, որ բացահայտված կլինիկական պրոֆիլներն օգնում են բացատրել ախտորոշման երկարատև ուշացումները: Շատ կանայք սկզբում դիմում են նյարդաբաններին՝ միգրենի պատճառով, գաստրոէնտերոլոգներին՝ մարսողական խնդիրների պատճառով, կամ հոգեկան առողջության մասնագետներին՝ տագնապայնության ու դեպրեսիայի պատճառով՝ չկասկածելով, որ այդ բոլոր ախտանիշները կարող են լինել մեկ հիվանդության դրսևորումներ:
Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ էնդոմետրիոզի և ադենոմիոզի համակցումը կապված է հիվանդության առավել ծանր ձևերի հետ: Նման բուժառուների ավելի քան կեսը ներառվել է ախտանիշների առավելագույն արտահայտվածությամբ խմբերում (ուժեղ ցավ, ստամոքսաղիքային խանգարումներ և հուզական խանգարումներ), մինչդեռ թեթև ձևերը գրեթե չեն հանդիպել:
Բացի դրանից, առավել ծանր կլինիկական պրոֆիլներ ունեցող կանայք զգալիորեն ավելի հաճախ են հայտնել ֆիզիկական և հոգեկան առողջության վատթարացման, ամենօրյա գործունեության սահմանափակումների, սոցիալական ակտիվության նվազման և կյանքի ավելի ցածր որակի մասին:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ էնդոմետրիոզի գնահատումը միայն ըստ հիվանդության օջախների տեղակայման այլևս բավարար չէ: Ախտանիշների անհատական պրոֆիլների հաշվառումը կարող է նպաստել ավելի վաղ ախտորոշմանը, բուժառուներին համապատասխան մասնագետների մոտ ժամանակին ուղեգրելուն և բուժման անհատականացված մոտեցումների մշակմանը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Human Reproduction հանդեսում:




















