Ինչո՞ւ հունվարի 27-ը այլ ո՛չ սեպտեմբերի 27-ը դարձավ «հիշատակի օր»
- Arnold Gevorgyan
- 2 hours ago
- 3 min read

Այն օրերին, երբ տեղի են ունեցել պատերազմական գործողություններ, Փաշինյանը մեկ տարի անց, երբեք չի այցելել Եռաբլուր, ինչպես ինքն է նշում. «ի հիշատակ ընկած տղաների», որոնք զոհվեցին «հանուն ոչնչի»։
Ինչու՞ այսօր «կառավարությունը ես եմ» Փաշինյանը այցելեց Եռաբլուր։ Իրենց կողմից պատահական և ոչ պատահական այս «հիշատակի օր»-ը Փաշինյանը ամեն գնով փորձում է մոռացության տալ իր իշխանության տարիներին բերած անչափելի աղետները։
Ինչո՞ւ է մոռացության տրվում 2022 թվականի սեպտեմբերի 13-ը, իսկ ինչո՞ւ 2025 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի օրը, երբ ունեցանք զոհեր, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը Եռաբլուր չայցելեց։
Սա իր կոնկրետ բացատրությունն ունի։ Փաշինյանը չի համարում այդ օրն Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի օր, ոչ էլ՝ հակառակորդի հարձակում։
Մի առիթով նա ասել է, որ «հավերժ թշնամիներ» չկան, և դա է պատճառը, որ այսօր ՀՀ իշխանությունները բացահայտորեն շնորհակալություն են հայտնում Ադրբեջանին և ծառայում նրանց։
Փաստորեն Արցախն էր մեղավոր, որ ՀՀ-ն չէր «բարձրանում», իսկ այսօր «ՀՀ-ն բարձրանում է» ըստ Փաշինյանի։
Ինչո՞ւ է այս իշխանությունը մոռացության տալիս սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը։
Փաշինյանը ազդարարեց պատերազմի մեկնարկը, երբ հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Հետո, իսպառ պատասխանատվության բացակայության դեպքում ինքն իրեն արդարացնելով՝ մեղավորությունն ու պատասխանատվությունը գցեց թե՛ զոհերի, թե՛ ողջ մնացածների վրա։
Ադրբեջանի կողմից սկսած պատերազմը, հազարավոր տղաների կյանք խլեց։ 2020 թվականի պատերազմի հետևանքով հազարավոր մարդիկ նահատակվեցին, անհետ կորածներ ունեցանք, որոնց թիվն ու գինը նախ Փաշինյանը պլյուս-մինուսով չափեց, հետո մինչ օրս (պաշտոնական) չհրապարակեց զոհերի հստակ թիվը։
2022 թվականի ագրեսիայից հետո՝ ևս մի քանի հարյուր մարդ զոհվեց, սակայն, իշխանությունն այդ օրերն էլ ջրեց ու թեման մոռացության մատնեց... շրջանցեց:
Այսօր, վաղ առավոտից, վերջին վեց տարիներին զոհված տղաների հարազատները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտային իրենց որդիների շիրիմներին ծաղիկներ խոնարհվի կառավարության որևէ մեկի կողմից։ Հարազատները միաբերան պնդում էին, որ տեղի է ունեցել դավաճանություն, ասում էին, որ կառավարությունն է մեղավոր մեր տղաների համար, որ այսօր նրանք չկան, իսկ մեր տղաները մինչև վերջ պայքարել են։
Փաշինյանը հնարավոր ու անհնարին առիթներով, իրար հակասող մտքերից սկսած, վերջացրած ինքնախոստովանական ցուցմունքներ տալով հաստատել է իր մեղավորությունը, բայց երբեք իրեն մեղավոր չի ճանաչել։ Ու հիմա, թե՛ պատերազմական գործողությունների արդյունքում տեղի ունեցածի, թե՛ մեր նահատակների ծնողներին նվաստացնելու միջոցն ու նպատակը օգտագործելով՝ հպարտանում է, որ այլևս «խաղաղություն» է տիրում Հայաստանում, և որ այլևս «փրկված» է ՀՀ-ն։
Չմոռանանք, թե ինչպես մեր հերոսածին ծնողներին «կառավարությունը ես եմ» Փաշինյանի հրամանով, քարշ տվեցին Եռաբլուրից ու որպես վերջին հանցագործների տարան ոստիկանական բաժանմունքներ։
Սա էլ իր բացատրությունն ուներ։ Փաշինյանը վախի մթնոլորտ ձեւավորելու համար ամեն գնով փորձեր կատարել է, որ մարդկանց լռեցնի ու անազատության մեջ պահի, իհարկե ցույց տալով, որ բոլորին պատժելու է, այդ թվում զոհված տղաների ծնողներին անգամ չի խնայելու։ Մասամբ հաջողել է, որովհետև դեռ նա ՀՀ-ն ներկայացնում է դրսում բոլորիս անունից։
Այսօր էլ Փաշինյանն իր իշխանության օրոք, երբ հունվարի 28-ին Հայոց բանակի տոնից առաջ, ԱԺ -ն` հունվարի 27-ը հաստատեց «հիշատակի օր», Հայոց բանակի օրը խեղճացնելու միտում ուներ։ Ու չուշացավ։
Փաշինյանը գրառում արեց. «Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա...»։ Իհարկե, անկարելի է Փաշինյանի մտքերն անգամ վերծանել, որովհետև տպավորություն է, որ մենք միս ու արյուն ենք տալիս նրա բոլոր ճամարտակումներին։
Ուստի, եթե Փաշինյան այս վերջին տարիներին ոչինչ էլ ասած չլինի, բավարար է իր այն հայտարարությունը, որ ԱԺ բարձր ամբիոնից, ի լուր աշխարհի հայտնեց. «Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Միայն այս միտքը բավարար էր, այն բոլոր հանցավոր մտքերից, որ նա պատասխանատվության ենթարկվեր, բայց ինչպես տեսնում ենք, այս մարդը հպարտ է իր «աննախադեպ» ադրբեջանական բենզինով, ու «խաղաղության» անվան տակ պատրաստվում է 2026-ին վերարտադրվել, ինչ գնով էլ, որ լինի։
Մինչդեռ ժամկետները սուղ են, իսկ Ադրբեջանի պահանջները՝ անկասելի մեծ։
Հ. Գ. Ինչո՞ւ հունվարի 27-ը այլ ո՛չ սեպտեմբերի 27-ը դարձավ «հիշատակի օր»։
Հունվարի 27-ը մեզ հայտնի է ֆաշիստների կողմից հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր։
Իսկ պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, որ դիտավորյալ կեղծում են պատերազմներում զոհվածների թիվը, անգամ` օրերը, որ հետագայում «խնդիր» չառաջանա իրենց կողմից օգտագործվող հակառակորդի հետ։ Անգամ այստեղ է, որ «հակառակորդ» բառն անգամ տեղին են օգտագործում, որ զերծ մնան «թշնամի» բառից, ինչը մեզ համար ո՛չ սովորական բառ է, այլ շատ կարևոր վկայություն։
Արթուր Հայրապետյան




















