top of page

Արթուր Միքայելյանը՝ Կորտինայից․ Կատյա Գալստյանի մեկնարկն անհաջող ստացվեց սխալ ընտրած դահուկներով մասնակցելու պատճառով

Feb 8
2 min read


Կատյա Գալստյանի մեկնարկն անհաջող ստացվեց սխալ ընտրած դահուկներով մասնակցելու պատճառով: Դահուկների փորձարկման ժամանակ մեր աղջիկը ոչ ճիշտ դահուկ էր ընտրել: Բացի այդ, նա չհասավ եզրագիծ մրցակցային փորձ չունենալու պատճառով: Մեկ տարի Կատյան պաշտոնական մեկնարկ չէր ունեցել: Ամեն դեպքում ես շատ բարձր եմ գնահատում նրա աշխատանքը: 

Այս մասին օլիմպիական Կորտինայից ասաց դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը՝ մեկնաբանելով Կատյա Գալստյանի առաջին մեկնարկն Օլիմպիական խաղերում:

 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի երրորդ մրցումային օրը մեկնարկի դուրս եկավ Հայաստանի առաջին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը: 33-ամյա մարզուհին մասնակցեց դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում։ Հայաստանի ներկայացուցիչը առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չհաղթահարեց 10 կմ ազատ ոճը եւ չհատեց եզրագիծը։ Եզրագիծը չհատեց եւս 18 դահուկավազորդ։

«Կատյայի առաջին մեկնարկն անհաջող ստացվեց: Փորձարկման ժամանակ սխալ դահուկ էր հագել, որը չապահովեց համապատասխան արագությունը: Մի քիչ լավ չստացվեց: Ձյունը թաց էր եւ շատ փափուկ, ու քանի որ սխալ դահուկներով էր դուրս եկել մեկնարկի, պայքարը չստացվեց, չկարողացավ ավարտել մրցատարածությունը: Դահուկների սխալ ընտրությունը մեծ նշանակություն ունի արագության համար: Չկարողացավ արագ աշխատել: Դասական ոճը չավարտեց, ազատ ոճում չմասնակցեց:

Դահուկների ընտրությունը դահուկավազորդն է կատարում: Մենք մեր մարզագույքով ենք եկել Օլիմպիական խաղեր, շատ լավ դահուկներ ունենք, ուղղակի նա ճիշտ դահուկ չընտրեց: Պատահականություն էր:

Անհաջող մեկնարկի պատճառը նաեւ մրցակցային փորձ չունենալն է: Կատյան պաշտոնական մրցաշարի մասնակցել էր մեկ տարի առաջ՝ անցած տարվա փետրվարին եւ մրցակցային փորձ չուներ: Տարբեր պատճառներով մրցումների չէր մասնակցել:

Սկիաթլոնի պայքարը շատ թեժ էր: Կատյայից բացի, եւս 18 դահուկավազորդ չկարողացավ հաղթահարել մրցատարածությունը եւ չհասավ եզրագիծ: Այս մրցաձեւում առաջատարները, բարձր վարկանիշներ ունեցողները առավելություն ունեն եւ սկզբում են մեկնարկում: Ցածր վարկանիշներ ունեցողներն ամենավերջում են մեկնարկում եւ այս պարագայում արդեն բավականին հետ են մնում:

Այսօրվա եղանակը շատ մեծ նշանակություն ունեցավ: Մեծ թիմ պետք է ունենաս, որպեսզի թաց, փափուկ ձյան պարագայում բոլոր դահուկները թեստ անես: Ես դահուկներն էի պատրաստում, Կատյան թեստ էր անում, Միքայելն էր նրան օգնում: Կատյան սխալմամբ այլ դահուկ ընտրեց:

Լավագույն մարզավիճակում լինելու համար տարեկան 5-6 մեկնարկ պետք է ունենա դահուկավազորդը, իսկ Կատյան նույնիսկ մեկ մեկնարկ չուներ: Չենք ընկճվում եւ պատրասվում ենք մեր հաջորդ մեկնարկներին: Հաջորդը Միքայել Միքայելյանը կմասնակցի: Միքայելի տրամադրությունը լավ է:

Կատյայի աշխատանքը շատ բարձր եմ գնահատում: Չի տխրել անհաջող մեկնարկի համար: Նա 33 տարեկան է, այս տարիքում այս պայմաններում մարզվում է, իրեն կտրում շատ հաճույքներից, շատ դեպքում առանց գումար աշխատում է իր վրա: Մասնակցում է իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը հերոսություն է: Կատյան իրեն լավ է զգում, կպատրաստվենք երկրորդ օլիմպիական մեկնարկին»,- ասաց Արթուր Միքայելյանը:

Դահուկավազորդները փետրվարի 6-ին Խաղերի բացման արարողությանը չմասնակցեցին: Հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով, նրանց չմասնակցել է սխալմունքի արդյունք է եղել:

«Մենք Կորտինայում պետք է մասնակցեինք բացման արարողությանը, եւ այստեղ Միքայելն ու Կատյան անցնեին շքերթով: Այստեղ օլիմպիական կոմտեի կողմից սխալմունք էր եղել եւ Կորտինայի բացման համար մեր անուններով մասնակցության հայտ չէր ներկայացվել, այդ պատճառով այստեղ չմասնակցեցինք: Քարտուղարուհին մտածել էր, թե մենք պետք է գնանք Միլան եւ այնտեղ մասնակցենք բացման արարողությանը: Կորտինայից Միլան շուրջ 4 ժամ ճանապարհ էր: Այդքան պետք է գնայինք, 5-6 ժամ մասնակցեինք բացման արարողությանը, նորից 4 ժամ հետ գայինք, որպեսզի առավոտյան պատրաստվեինք մեկնարկի, աբսուրդ կլիներ: Նախապես ասել էինք, որ Միլան չենք գալու, իրենք էլ մոռացել էին մեր անուններով Կորտինայի բացման համար հայտ ներկայացնեին: Մենք մոտեցան, մեզ ասացին, որ մեր անունները չկան, հետ վերադարձանք»,- ասաց Արթուր Միքայելյանը:

Դահուկավազքի Հայաստանի հավաքականից փետրվարի 8-ին մեկնարկի դուրս կգա Հայաստանի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: 

Լուսինե Շահբազյան

 
 
1/2387
bottom of page