top of page

«Ժողովուրդ». Ովքեր են համախմբվել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի շուրջ

  • 6 hours ago
  • 2 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի քաղաքական զարգացումների կենտրոնում է գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը։ Վերջին օրերին մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ հանդես են եկել նրա աջակցությամբ կամ համագործակցության պատրաստակամությամբ։

Նախ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։

Հուշագիրը ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարել են, որ միավորվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգի և նախընտրական ծրագրի շուրջ և գործելու են պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, արդյունավետ և հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական և սոցիալական արդարության և համերաշխության ապահովման սկզբունքների վրա։

Նշվում է, որ ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին, և կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։

Այնուհետև «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին և իր աջակիցներին կոչ է արել աջակցել Սամվել Կարապետյանի գլխավորած դաշինքին։

«Ազատություն» կուսակցությունը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած կուսակցությունը, հայտարարել է, որ աջակցում է Կարապետյանին։

ՀԺԱՄ (Հայաստանի ժողովրդավարական ազգային միություն)

Հայաստանի ժողովրդավարական ազգային միություն կուսակցությունը պաշտոնապես հայտնել է, որ աջակցում է Կարապետյանի գլխավորած դաշինքին՝ շեշտելով լայն համախմբման անհրաժեշտությունը։

Քաղաքական կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։

Այս պահին կարելի է առանձնացնել հետևյալ պատկերը․


• Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվում է ընդդիմադիր համախմբում


• Աջակցություն են հայտնել թե՛ նախկին համակարգի գործիչներ, թե՛ արտախորհրդարանական ուժեր


• Մի շարք կուսակցություններ նույնիսկ հրաժարվում են ընտրություններին մասնակցելուց՝ հօգուտ նրա դաշինքի


• Միևնույն ժամանակ, որոշ խոշոր քաղաքական ուժերի հետ համագործակցություն չկա։

Հավելենք, որ երեկ հայտնի դարձավ նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անցկացված համագումարում հաստատվել են նախընտրական ցանկի առաջին 30 թեկնածուները։ Այսպես, ըստ լրատվամիջոցների, առաջին յոթնյակն ունի հետևյալ տեսքը․

  1. Նարեկ Կարապետյան

  2. Արամ Վարդևանյան

  3. Գոհար Մելոյան

  4. Դավիթ Ղազինյան

  5. Ռուբեն Մխիթարյան

  6. Արեգա Հովսեփյան

  7. Մամիկոն Ասլանյան»։

 
 
bottom of page