Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ԱԺ-ն վերածել գլադիատորական մարտերի. Աննա Գրիգորյանը՝ Ղալումյանին

«ԱԺ միջադեպն ունի երկու մեղավոր անձ՝ առաջինը ԱԺ փաստացաի ղեկավարն է, երկրորդը՝ Վահե Ղալումյանը»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառբնալով ԱԺ դահլիչում, ապա միջանցքում տեղի ունեցած քաշքշուկին, հնչած սպառնալիքներին։
Նա հարցրեց ՔՊ-ական Վահե Ղալումյանին՝ արդյոք նրա վրա դրվա՞ծ է ամեն անգամ սադրանք հրահրելու պարտականություն, ապա հիմնավորեց՝ անցած վեց տարիների ընթացքում չի հիշում ԱԺ-ում լարված իրավիճակ, քաշքշոց կամ ծեծկռոտւք, որի նախաձեռնողը Վահե Ղալումյանը չի եղել։
«Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ արդյոք ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել գլադիատորական մարտերի։ Չարժե, հաստատ չարժե։ Հույս ունեմ, որ հաջորդ անգամ զերծ կմնաք նոր դրվագներ հրահրելուց»,-ասաց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ օրակարգին, ապա ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, խորհրդարան բերվել է հակասահմանադրական գործընթաց։
«Չի կարող Ազգային Ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Սա ոչ թե իմ կարծիքն է կամ վերաբերմունքը, այլ որովհետև օրենքն է այդպես ասում»,-ընդգծեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Հիշեցնենք, որ 9-րդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի այսօր գումարված հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է ընդամենը երկու հարցը։ Դրանցից առավել վիճահարույց է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ հարցը։ Այս նախագծի համահեղինակ են մի քանի տասնյակ ՔՊ-ական պատգամավորներ։
Հենց այս հարցն են ընդդիմադիրները որակում որպես հակասահմանադրական։




















