Ուժեղ խաղաղության դեպքում մեր դուռը փակ է լինելու, հարևանների հետ հավասարը հավասարի պես ենք շփվելու. Նարեկ Կարապետյան
- Mar 27
- 1 min read

«Սամվել Կարապետյանը վերջին 20 տարում ամենաշատ բարեգործական ծրագրեր արած անհատն է Հայաստանում, նաև Արցախում, սակայն տեսնում է, որ այսքան անելուց հետո ոչ մի փոփոխություն չի լինում»,- Գորիսում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա մանրամասն ներկայացրել է, թե ինչու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը որոշել մտնել քաղաքականություն. «Հայաստանում վերջին 30-35 տարվա ընթացքում ունեցել ենք տարբեր ղեկավարներ, բոլորի հետ Սամվել Կարապետյանը հանդիպել ու ասել է մի բան՝ շարունակելու է աջակցել իր հայրենիքին։ Հարյուրավոր միլիոններ ուղարկել է Հայաստան, տասնյակ միլիոնների նեդրում է արել Արցախում, բայց տեսնում ենք՝ մի ստորագրությամբ կորցնում ենք այն, ինչ կա Արցախում, իսկ Հայաստանում աղքատության հարցը չի լուծվում, մարդկանց կյանքի որակական փոփոխություն չի լինում»։
Ն. Կարապետյանի խոսքով, երկրի այս ղեկավարությունը վերցնում է լրիվ այլ ուղի, վերցնում է գլուխը կախելու ուղի, որի ծայրը չի երևում, սկսում է եկեղեցու դեմ արշավ, հայտարարում է՝ հայկական պահանջատիրությունը չի պաշտպանելու, ինչը նշանակում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետականորեն չի ճանաչելու։
Նա նշել է, որ երկու ձևի խաղաղություն կա՝ թույլ և ուժեղ. «Թույլ խաղաղությունն այն խաղաղությունն է, որ մենք մեր դուռը բացում ենք հակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ։ Էլ պահանջ չկա, որ ունենա հարևան երկրի ղեկավարը։ Ինչ ուզել է, ստացել է, վերջին պահանջն է մտածել՝ այստեղ պետք է գան այն մարդիկ, որոնք Գորիսում երբեք չեն ապրել։ Գան, սերմ դնեն Հայաստանում։ Դա թույլ խաղաղությունն է։
Ուժեղ խաղաղությունն այն խաղաղությունն է, որի դեպքում մեր դուռը փակ է լինելու, հարևանների հետ հավասարը հավասարի պես ենք շփվելու»։




















