ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆՔ ՀԵՆՑ ՎԱՂԸ, ԲԱՅՑ․․․ԱԼԻԵՒԸ ՀԱՄԱՌՈՒՄ Է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է ՀՀ Սահմանադրության փոփոխություններից՝ նշելով, որ երկու երկրների միջև փաստացի խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է։
Այդ մասին նա ասել է Մյունխենում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Մեր դիրքորոշումը հայկական կողմին փոխանցվել է տարիներ շարունակ. ՀՀ Սահմանադրությունում պետք է կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ։ Հենց որ այդ փոփոխությունները կատարվեն, մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել հենց հաջորդ օրը», - հայտարարել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ «երկու երկրների միջև խաղաղությունն արդեն հաստատվել է»։
«Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ ստորագրված համատեղ հռչակագիրը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, փաստացի նշանակում են խաղաղության հաստատում։ Դրա պաշտոնական իրականացումը կախված է Հայաստանից։ Որքան շուտ Սահմանադրությունը փոփոխվի և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացվեն, այնքան շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», - բացատրել է Ադրբեջանի ղեկավարը։




















