ՏՏ ոլորտում կառավարության բարեփոխումները կարող են հանգեցնել միջազգային ընկերությունների Հայաստանից հեռանալուն
- Armen Sukiasyan
- Feb 6, 2025
- 3 min read

Կառավարության վերջին նախաձեռնությունը՝ կարգավորելու ՏՏ ոլորտը, լուրջ մտահոգություններ է առաջացրել փորձագետների շրջանում՝ ոլորտի զարգացմանը նպաստելու փոխարեն, այն կարող է հանգեցնել իրավական խնդիրների և խաթարել Հայաստանի էկոհամակարգը։ Թե ինչպես և ինչու ՏՏ ոլորտում իրավիճակի բարելավմանն ուղղված բարեփոխումը կարող է նոր սպառնալիքներ առաջացնել, փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսում բացատրել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամները։
ԱՏՁՄ-ի առաջարկները կառավարության համար «բարդ» էին
Ամփոփելով անցնող տարվա արդյունքները՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ոչ առանց հպարտության, հայտարարեց, որ կառավարության մշակած բարեփոխումների փաթեթը կհանգեցնի նրան, որ Հայաստանի ՏՏ ոլորտը «կփայլի նոր գույներով»։ Սակայն, ըստ մասնագետների, արդյունքը կլինի ոլորտի «կարապի երգը»:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն ասաց, որ չնայած սկզբնական փուլում ոլորտի հիմնական խաղացողները ներգրավված էին բարեփոխումների քննարկմանը, ինչ-որ պահի շփումները դադարեցվեցին։ ԱՏՁՄ-ի առաջարկները մերժվել են այն պատրվակով, որ առաջարկվող լուծումը ենթադրում է բարդ մեխանիզմներ և չի պարունակում լիարժեք այլընտրանքներ։ Փոխարենը կառավարությունը խոստացավ գտնել համապարփակ լուծում, որն իրականում ավելի բարդ ու շփոթեցնող էր, քան առաջարկում էր միությունը։
Ի վերջո, կառավարությունն օգնություն առաջարկեց երեք ոլորտներում՝ եկամտային հարկի վերադարձ ռելոկանտների համար և եկամտահարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցում նոր շուկա մուտք գործող ընկերությունների համար: Շրջանառության հարկ վճարող ընկերությունների համար դրույքաչափը սահմանվում է 1%: Հնարավորություն կա նաև եկամտահարկը նվազեցնել մինչև 10% R&D ոլորտում գործող ընկերությունների համար։ Եվ հենց այստեղից են սկսվում խնդիրները։
Հանձնաժողովի անարդյունավետությունը և կասկածելի չափանիշները
Առաջին խնդիրն այն է, որ կառավարությունը R&D ընկերությունները սահմանել է շատ նեղ ձևով։ Արդյունքում, ընկերությունները, որոնք պայմանագրով իրականացնում են R&D ծրագրեր, կարող են չտեղավորվել սահմանված շրջանակներում: Բացի այդ, այս աջակցության ծրագրին արժանանալու համար ընկերությունները պետք է առնվազն վեց ամիս գործեն տնտեսական գործունեության տեսակների M72 դասակարգիչով:
Բայց սա դեռ ամենը չէ: Հարկային արտոնությունների տրամադրման վերջնական որոշումը կկայացնի մասնագիտացված հանձնաժողովը, որը կգլխավորի ԿԳՄՍ–ն, իսկ քարտուղարությունը կփոխանցվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են չորս ներկայացուցիչներ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, մեկական ներկայացուցիչ Ֆինանսների նախարարությունից և Պետական եկամուտների կոմիտեից։ «ԱՏՁՄ-ն բանավոր առաջարկել է իր ներկայացուցչին ուղարկել հանձնաժողով»,- հավելեց Կարապետյանը՝ նշելով, որ այս հանձնաժողովի շրջանակներում աշխատանքի արդյունավետությունը կասկածելի է թվում, քանի որ կառավարության և ՏՏ հանրության մոտեցումները՝ հասկանալու, թե ինչն է ընկնում է R&D-ի ներքո, տարբերվում են։ «Այն չափանիշները, որոնք կառավարությունն առաջարկում է ընկերությունները որպես R&D դասակարգելու համար, հանձնաժողովին թույլ չեն տալիս արդյունավետ աշխատել»,- վստահ է Կարապետյանը՝ հավելելով, որ, հաշվի առնելով ոլորտում մասնակիցների ընդհանուր թիվը, հանձնաժողովը պետք է աշխատի շաբաթը յոթ օր՝ օրական 17 հայտ քննելով։
Հարված գաղտնիությանը
Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը պարզաբանեց, որ հանձնաժողովը հարկային արտոնությունների հայտերը կքննարկի ոչ թե ընդհանրապես ընկերությունների գործունեության, այլ կոնկրետ նախագծերի համար։ Բացի դիմումների քանակի հետ կապված խնդիրներից, այս մոտեցումը հղի է այլ դժվարություններով: «R&D ծրագրերը հիմնականում պարունակում են որոշակի գաղտնիություն՝ պայմանավորված մրցակցության բարձր մակարդակով: Օրինակ՝ մեր բոլոր R&D ծրագրերը գաղտնի են, և նախընտրելի է, որ մենք ընդհանրապես չդիմենք հանձնաժողովին, քան հետազոտական փուլում գաղտնազերծենք նախագծերը»,- ընդգծեց Մինասյանը։
Հում ու չմշակված քայլեր
LimeTech-ի գործադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանը հավելեց. «Մենք առաջարկել ենք ընդհանուր եկամտահարկը մինչև 10% նվազեցնելու հայեցակարգը։ Այո, դա համապարփակ լուծում չէր, բայց ապահովում էր այն արդյունավետությունը, որը, հաշվի առնելով դրամի փոխարժեքի ամրապնդումը, ուղղակի անհրաժեշտ էր ոլորտին։ Մենք բաց թողեցինք արագ լուծման հնարավորությունը՝ գնացքը գնաց։ Հիմա մենք խոսում ենք ապագայի համար հարցեր լուծելու մասին, բայց հերթական անգամ չմշակված քայլեր են արվում՝ զուրկ համապարփակ մոտեցումից։ Այսինքն՝ կառավարության առաջարկած մեխանիզմն արդեն իրականացման փուլում է, բայց հում է ու չմշակված»։
«Վայ բարեփոխումների»-ի հետևանքները.
Կարապետյանի կարծիքով, այս «վայ բարեփոխումը» կարող է հանգեցնել նրան, որ միջազգային շատ ընկերություններ պարզապես հրաժարվեն Հայաստանում աշխատելուց։ «Ես տեղեկություն ունեմ, որ որոշ ընկերություններ, մասնավորապես միջազգային, մտադիր չեն հայտ ներկայացնել այս հանձնաժողովին։ Նրանք չեն բացառում իրենց մասնաճյուղերը Հայաստանից տեղափոխելու հնարավորությունը»,- ասաց նա։
Այս ամենը տեղի է ունենում նմանատիպ էկոհամակարգերի միջև Հայաստանի մրցունակության փաստացի կորստի ֆոնին։ Ընդամենը մեկ տարում Հայաստանում ՏՏ ոլորտի սուբյեկտների թիվը նվազել է 5 հազարով, իսկ աշխատատեղերը՝ 2 հազարով։ «Սա Հայաստանի ՏՏ ոլորտի պատմության մեջ ամենամեծ անկումն է»,- ասաց նա։ Կարապետյանը հավելեց, որ ոլորտի ներկայացուցիչները դեմ են այս բարեփոխմանը ոչ թե այն պատճառով, որ ուզում են վախեցնել կառավարությանը, այլ այն պատճառով, որ կարծում են, որ պետք է նախազգուշացնել այն ռիսկերի մասին, որոնք ի վերջո կարող են հանգեցնել մի շարք ընկերությունների փակմանը և ոլորտի վերջնական անկմանը։




















