top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԸՆՏԱՆԻՔԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ ԲԱՐԻ ՉԵՆ

  • Armen Sukiasyan
  • Dec 20, 2024
  • 2 min read

«Հրապարակի» զրուցակիցը Թեհրանի ազգային առաջնորդարանի հոգեւոր խորհրդատու Գրիգորիս քահանա Ներսեսյանն է։



- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս բացահայտեց, որ իր կնոջ հետ դե յուրե ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չէ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը` նկատի առնելով ավանդական ընտանիքի նշանակությունը հայ իրականության մեջ:


- Այսօր եթե հայ ժողովուրդը գոյություն ունի, ի շնորհիվ մեր ավանդական արժեքների է։ Պատմության մեջ, եթե նայում ենք, ընտանիքը կազմում են այրը եւ կինը` եկեղեցու շուքի տակ եւ Աստծո օրհնությամբ։ Աստծո օրհնությամբ իրար միանում են եւ ստեղծում են երկրային դրախտը, ունենում են զավակներ, կատարում են Աստծո պատվիրանը` աճեցեք, բազմացեք եւ երկիրը լցրեք։ Ընտանիքն առանց Աստծո օրհնության, դժբախտաբար, դա հիմա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում այդ բանը տարածված է` անպատասխանատու հարաբերության ներքո ընտանիք կազմում, կոչում են սպիտակ ամուսնություն։ Մեր հասկացողությամբ՝ դա ընտանիք չէ, եւ նրանք հետեւում են, հունարեն բառով ասենք, էրոսին։ Էրոսն այն սերն է, որն անպատասխանատու է, այսինքն՝ այսօր իրար հետ կլինեն, վաղը չունենան` կարող են հեռանալ։ Դա Աստծո համակարգի դեմ դրված մի համակարգ է, որը դեմ է բոլոր մարդկային եւ ազգային արժեքներին։


- Այն, որ երկրի ղեկավարն է հասարակությանը նման ուղերձ հղում, վտանգավոր չէ՞։


- Պիտի կոչ անել իրեն, որ չհետեւի այդ օրենքին, որովհետեւ երկրի ղեկավարը պետք է ենթարկվի երկրի ավանդույթին եւ ոչ թե արեւմտյան սովորություններին, որոնք երկիրը դեպի կորուստ կառաջնորդեն։ Այսօր կան երիտասարդներ, որոնք եթե չամուսնանան եւ առանց Աստծո օրհնության իրար հետ հարաբերությունների մեջ լինեն, վաղը, մյուս օրը կարող է ունենանք անպատասխանատու հասարակություն, որը որեւէ արժեք չի ճանաչի, որի համար Հայաստանը, հայրենիքը որեւէ կարեւորություն չեն ունենա։ Այդպիսի հարաբերությունների մեջ կարող է ընդհանրապես ծնունդ գոյություն չունենալ` ծնունդը պակասել, ազգ չենք ունենա։


- Տեր հայր, հատկապես սփյուռքի ազգային կառույցները զգայուն են նմանատիպ հարցերում, որովհետեւ գիտեն ազգային ինքնության արժեքը, ի՞նչ պետք է անել՝ կանխելու նման քարոզչությունը։


- Կարծում եմ՝ եկեղեցու պարտականությունն է՝ ավելի շատ աշխատել, ընտանիքի դերն ավելի փայլուն դարձնել, որպեսզի ժողովուրդն իր կյանքով դեմ գնա այս ամենին, ինչ իրեն պարտադրում են։


- Ամենաբարձր մակարդակով ավանդական ընտանիքի դեմ քարոզչության նպատակը ո՞րն է։


- Դրա տակ բան կա թաքնված, վաղը, մյուս օրը ազգը կարող է ոչնչանալ։ Այսօր աշխարհում համամարդկային շատ բաներ կան, օրինակ, համասեռամոլությունը։ Դրա միջոցով զավակ չի ծնվում։ Աստված Ադամ եւ Եվա ստեղծեց, ո՛չ թե Ադամ եւ Ադամ կամ Եվա եւ Եվա։ Չարի նպատակն է, որ մարդկությունը ոչնչանա, ընտանիքի դեմ ուղղված ուղերձները բարի չեն։



 
 
bottom of page