Ողբերգական դեպք՝ Երևանի գազալցակայաններից մեկում
- Armen Sukiasyan
- Nov 24, 2024
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի 1/1 հասցեում գործող գազալցակայանում քաղաքացի է հոսանքահարվել, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ԲԿ-ից ահազանգ է ստացվում, որ նշված գազալցակայանից, հոսանքահարվելու հետևանքով, շտապօգնության բժիշկները «էլեկտրահարություն, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մոտ 35 տարեկան անհայտ տղամարդու, ով գիտակցության չգալով մահացել է։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Մելքոն Ն-ն է, ով նշված գազալցակայանում տանիքի վրա աշխատելու ժամանակ հոսանքահարվել է։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։




















