«ՀՐԱՊԱՐԱԿ». ՄԻՆՉ ՄԵՆՔ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՈՎ, ԿՌԻՎ ԵՆՔ ԱՆՈՒՄ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՅՆ ԾՐԱԳԻՐԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԲԵՐՎԵԼ Է
- Armen Sukiasyan
- Nov 12, 2024
- 3 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը շրջանառության մեջ են դրել «Հայաստանի օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծ, որով առաջարկում են օրհներգի քառատողերը հետ ու առաջ տանել։ Ըստ ՔՊ-ականների, որոնց իշխանության օրոք Հայաստանն անհաշիվ զոհեր է տվել, օրհներգն ավարտվում է մահվան ուղերձով, իրենք ուզում են, որ Հայաստանի հաղթանակով եւ կյանքի ուղերձով ավարտվի։ Օրհներգի փոփոխության թեմայի շուրջ «Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել ռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ Դավիթ Սահակյանցին։
- Իշխանությունը մտադիր է խմբագրել ՀՀ պետական օրհներգը, վերջին քառատողը տեղափոխել առաջին քառատողից հետո, որ օրհներգն ավարտվի «Թո՛ղ միշտ պանծա Հայաստան» տողով։ Ի՞նչ նպատակով են անում, ըստ Ձեզ, գուցե նպատակն այն է, որ հայրենիքի համար զոհվելու գաղափարը չշեշտվի՞։
- Փորձը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունը պատրաստ է զոհել եւ նույնիսկ զոհվել միայն իր իշխանության համար։ Իրենց համար գաղափարը միայն դա է, դա մաքսիմումն է, ինչ մասին իրենք երազում են։ Այսօր հիմնը կարող է լինել, վաղը՝ զինանշանը, մյուս օրը՝ դրոշը, Արարատը՝ Արագածով․․․ Այս ամենը մեկ բանի մասին է խոսում՝ նրանք կատարում են բոլոր խնդիրները, որոնք իրենց առջեւ դրվել են, եւ ինչի համար իրենք բերվել են իշխանության։ Նրանց հայրենասիրության հետ կապված որեւէ գաղափար պետք չէ։
- ՔՊ-ական իշխանությունն ինչո՞ւ է հատկապես սիմվոլների հետ անհաշտ։ Դա դրսից իջեցված պատվե՞ր է։
- Դրանք հիմնասյուներն են՝ մեր ազգային կոդերը։ Նրանք ցանկանում են ֆորմատավորել այդ կոդերը, դնել նոր համակարգ, այնպես, ինչպես համակարգիչն են ֆորմատ անում ու դնում նոր համակարգ։ Կարծում եմ՝ նույն մոտեցումն է այսօր, պատմությունն են ֆորմատավորում՝ հավասարեցնում զրոյի, որ հասարակության, ապագա սերունդների գիտակցության մեջ նոր համակարգ մտցնեն՝ նոր արժեքներ կոդավորեն, որով այսօր, փաստացի, փորձում են մեզ զրկել պատմական կոդերից՝ դրանք փոխարինելով գլոբալիստական, անսեռ, կեղծ արժեքներով։ Նրանք՝ այդ անկիրթ էակները, որոնք բեքգրաունդում չունեն ո՛չ պատմության, ո՛չ մշակույթի վերաբերյալ գիտելիք, իրենց վրա են վերցրել ազգային կոդը վերափոխելու ֆունկցիան, նրանք ավանդույթները վերացնելու միտում ունեն, ինչը կործանարար է մեզ նման փոքր ազգերի համար, որոնք շատ կարեւոր հիմնասյուների վրա են կանգնած՝ դեռ։
- Հայկական ինքնության հետ ասոցացվող սիմվոլները, արժեքներն ու գաղափարներն Ադրբեջանի՞ն են խանգարում։ Այնտեղից են պարբերաբար ուղերձներ հնչում, չնայած հաղթել են վերջին պատերազմում։ Ստացվում է՝ Բաքուն, չնայած հաղթանակին, վախե՞ր ունի։
- Բնականաբար, նրանք մինչեւ վերջ չեն հաղթել, եւ պարզից էլ պարզ է, թե ինչու են ե՛ւ իրենք, ե՛ւ ներկայիս իշխանությունն անընդհատ խոսում ռեւանշի մասին։ Նրանք հասկանում են, որ այդ ռեւանշը կարող է լինել, եւ այդ ազգային վրեժը, որը նստած է մեր մեջ, կարող է արթնանալ։ Կազմալուծելով, վերացնելով պատմությունը, ավանդույթները, ազգային հիմքը՝ նրանք փորձում են տարածքը մաքրել նրանցից, ովքեր կարող են այդ մասին խոսել, եւ պատվիրատուները դա կատարում են։
- Մեր հասարակության արձագանքն այս ամենին ադեկվա՞տ է, գետնի վրա տեսնում ենք այս քաղաքականության կորստաբեր հետեւանքները, բայց թվում է՝ արձագանքն այլ պիտի լիներ, ինչպես, օրինակ, Վրաստանում տեսանք՝ մի երկիր, որի հասարակությունը թվում է, թե եվրոպամետ է։
- Ճիշտ նկատեցիք, որ հասարակությունը ոչ ադեկվատ է արձագանքում այն ամենին, ինչը կատարվում է, գուցե իր մեղքի բաժինը զգալով, որ ամեն ինչ արեց նրա համար, որ այս իշխանությունը հայտնվի երկրի ղեկին։ Գուցե կոմպլեքսնե՞ր կան՝ խոստովանելու սեփական մեղքի չափաբաժինը։ Բայց եկեք հաշվի առնենք նաեւ այն, որ այսօր մենք լիդերների շատ լուրջ խնդիր ունենք։ Եթե Վրաստանն ենք բերում որպես օրինակ, նրանք ունեն այն լիդերը, որը կարող է իր վրա պատասխանատվություն վերցնել եւ իր հետեւից տանել հասարակությանը։ Մենք այսօր լիդերի խնդիր ունենք, որը հասարակությանը կկարողանա համախմբել այն գաղափարների շուրջ, որոնք մեզ համար կարեւոր են։ Պետք է հասարակությանը ճիշտ ուղենիշներ տալ եւ տանել իր հետեւից։ Ցավոք, մենք դա չունենք, մեզ մոտ ընդդիմադիր հասարակության եւ ընդդիմադիր լիդերների միջեւ հարմոնիա չկա, ինչ-որ բան խախտվել է այդ հարաբերությունների մեջ, վստահության մեջ․ ո՛չ լիդերներն են առանձնապես վստահում հասարակությանը եւ առիթը բաց չեն թողնում մեղադրել նրան, ո՛չ հասարակությունն է վստահում լիդերներին։ Գլոբալ առումով, մենք՝ ընդդիմադիրներով, մեզ հետ կռիվ ենք անում եւ փորձում ենք ստեղծել այն ուղենիշները, որոնք մեզ տեղից կշարժեն, ու մինչ մենք դրանով ենք զբաղված, իշխանությունը կատարում է այն ծրագրերը, որոնց համար բերվել է։
- Սրբազան շարժումը փորձեց լայն համախմբում իրականացնել, շարժումը եկավ հենց արժեքաբանական հենքով ու ուղենիշներով, ինչո՞ւ չստացվեց, առնվազն, այս փուլում։
- Դժվար է ասել, ես շատ էի հավատում այդ շարժմանը, եւ ինձ համար, իրականում, շատ մեծ շոկ էր, որ մայիսի 9-ին, երբ բոլորս հավաքվել էինք հրապարակում, փաստացի այնպես ստացվեց, որ հետագա քայլերն անհետացան, եւ ոչինչ տեղի չունեցավ։ Կարծում եմ՝ այդ օրը վերջին տարիների առաջին իսկապես մեծ ու աննախադեպ հավաքն էր, եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես եղավ, որ դա բաց թողնվեց։ Ես իսկապես համոզված էի, որ այդ օրն ինչ-որ փոփոխություն կլինի։ Չեմ կարող գտնել որեւէ բացատրություն, ես չեմ հասկանում, թե ինչ կատարվեց, եւ չեմ ուզում մեղադրել որեւէ մեկին։ Չեմ ուզում հավատալ, որ ճակատագիրն այնպիսին է, որ մենք արժանի ենք նրան, ինչ այսօր ունենք, եւ այն ամենին, ինչ այսօր սրանց ձեռքերով անում են մեզ հետ օտարները՝ թուրքերը, ադրբեջանցիները, հավաքական Արեւմուտքը, Ռուսաստանը։ Ուղղակի չեմ ուզում հավատալ դրան, գուցե պետք չէ հուսահատվել, գուցե կա մի բան, որ ես չեմ հասկանում․․․։




















