top of page

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲՌՆԵԼ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆ ԹԱԼԱՆԱԾ ԳՈՂ ՊԱՐԵԿՆԵՐԻՆ

  • Armen Sukiasyan
  • Jan 28, 2025
  • 1 min read


Երեկ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Շիրակում բնակարանային գողություն է եղել պարեկների մասնակցությամբ։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Հրապարակ»-ին դեպքի վերաբերյալ ասաց, որ հունվարի 27-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել առ այն, որ 30-ամյա և 26-ամյա երկու երիտասարդ, 29-ամյա երիտասարդի դրդմամբ և օժանդակությամբ, բնակարանային գողություն են կատարել։ Քրեական ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարողներից մեկը պարեկային ծառայող է, իսկ մյուս կասկածյալը ծառայել է Պարեկային ծառայությունում, ում ծառայողական լիազորությունները 2024 թ. օգոստոսի 7-ից ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից կասեցված է:



«Բոլոր կասկածյալները հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին։ 

ՆԳ նախարարությունը հետևողական պայքար է մղում հանցավորության դեմ` շարունակելով բացահայտել և մաքրել համակարգը հակաիրավական վարքագիծ ցուցաբերած ծառայողներից:


ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է հանցավորության դեմ պայքարը՝ անկախ հանցագործությունը կատարողների կարգավիճակից։ Առավել խիստ է մոտեցումը համակարգում ծառայողների կողմից ցանկացած հակաիրավական դրսևորման նկատմամբ, ինչը միշտ՝ հենց նախարարության կողմից օպերատիվ արձագանք է ստանում։ Գյումրիում պարեկի կողմից կատարված հանցագործությունը նույնպես ՆԳՆ ոստիկանության կողմից արժանացավ օպերատիվ արձագանքի»,-ասաց Սարգսյանը։





1/1951
bottom of page