Պետական բյուջեի հաշվին քարոզարշա՞վ. ինչո՞ւ է ՔՊ-ն «ընկել դռնեդուռ»
- 5 hours ago
- 1 min read

Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը․ արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ կուսակցության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելություններ են իրականացնում հանրապետության տարբեր մարզեր և համայնքներ։ Վերջին երկու շաբաթների ընթացքում հանդիպումները տեղափոխվել էին Երևան, որտեղ էլ իշխանականները երբեմն կոշտ արձագանքների էին հանդիպում։
Այցերի ընթացքում իշխանական թևի ներկայացուցիչները շփվում են քաղաքացիների հետ, լուսանկարվում նրանց հետ, ինչպես նաև նվիրում խորհրդանշական քարտեզ-բրոշներ՝ ներկայացնելով դրանք որպես «իրական Հայաստանի» միակ խորհրդանիշ։
Այսօր նմանատիպ այց իրականացվեց նաև Կոտայքի մարզ, որտեղ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ այցելել են կրթական հաստատություններ։ Այցի պաշտոնական նպատակը նորակառույց և վերանորոգված դպրոցների ու մանկապարտեզների պայմանների ուսումնասիրությունն էր՝ արտաքին ու ներքին կահավորումը և տեխնիկական հագեցվածությունը։
Կարծես թե իրականացված աշխատանքների ներկայացումը զուգորդվում է ընտրական գործընթացներին առնչվող ուղերձներով, ինչը կարող է ընկալվել որպես նախընտրական քարոզչության տարրերի կիրառում։
Սրանից բացի ՔՊ-ականները հանդիպում են մարզի բնակիչներին, զրույցում նրանց հետ, խոստումներ տալիս, նկարվում ու իրենց պակերացմամբ՝ «իրական Հայստանի» քարտեզ-բրոշները նվիրում։
Այսպիսով, իշխանական այցերը, որոնք պաշտոնապես ներկայացվում են որպես աշխատանքային շրջայցեր, ՔՊ-ն ծառայեցնում է իր կուսակցական շահին և պետական բյուջեի հաշվին քարոզչություն է իրականացնում։




















