Ընտրություններում ընդդիմության հաջողության գրավականը բարձր մասնակցությունն է․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
- 2 hours ago
- 1 min read

Ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ չի կարող ընտրություններում ստանալ ձայների 50%-ից ավելին, մինչդեռ միասնական ընդդիմությունն ի վիճակի է հավաքել ավելի շատ քվե, քան իշխանությունը։ Հետևաբար, անհրաժեշտ է հասնել մասնակցության բարձր տոկոսի։ Ապրիլի 16-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա վստահություն է հայտնել, որ նման դեպքում իշխանությունները վերընտրվելու շանսեր չունեն՝ որպես օրինակ բերելով Հունգարիան։ Ռուստամյանը մատնանշել է նաև ընտրական գործընթացների վերահսկողության խնդիրը՝ նկատելով, որ որևէ քաղաքական ուժ չի կարող դա անել միայնակ, քանի որ անհրաժեշտ կլինի 10 հազարից մինչև 20 հազար մարդ մոբիլիզացնել։ «Էս իշխանություններն իրանց իշխանությունը պահելու համար ամեն ինչի գնալու են։ Իրենք կեղծիքներ էլ կանեն, ամեն ինչ էլ կանեն։ Իրենց համար դա կյանքի ու մահվան հարց է», - նշել է պատգամավորը։
Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին անվանել է քաղբանտարկյալ։ «Փաշինյանը ասում է, թող գա երկու բառ ասի, որ ես իմանամ ինքը ինտելեկտուալ անձնավորություն է։ Երկու բառ ասեց՝ բռնեցիք էդ մարդուն։ Այսինքն սադրում եք, որպեսզի մարդկանց բռնե՞ք», - հավելել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամբողջությամբ իրեն ենթարկեցնել դատական իշխանությունը, ինչը նրանց թույլ կտա բոլորին էլ ուղեզրկել։ «Լինելու է ընտրովի արդարադատություն։ Իրենց իշխանությունը պահելու այլ հիմք նրանք չունեն։ Այսօրվա իշխանությունները ունեն ՔՊ-ական նեղ շրջանակ և ոստիկանական համակարգ, որոնք ամբողջական ռեպրեսիվ ապարատը կիրառելով պաշտպանում են այս իշխանություններին», - ընդգծել է խորհրդարանականը։
Արմեն Ռուստամյանը խորհրդարանական նիստը բոյկոտելը բացատրել է Փաշինյանի կողմից փողոցային ժարգոն օգտագործելու փաստով։ «Մենք երբևէ ունեցե՞լ ենք վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով խոսի։ Բա, գալ ու էդ փողոցային բառապաշարն անընդհատ լսե՞լ։ Իրեն հարգող մարդն այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվել։ Զզվել ենք արդեն», - եզրափակել է նա:




















