«Լիդիան Արմենիա»-ի հովանավորությամբ Ջերմուկում մեկնարկեց շախմատի՝ «Ստեփան Ավագյանի» հուշամրցաշարը
- May 30
- 2 min read

Ջերմուկը բացի առողջարանային քաղաք լինելուց այս օրերին վերածվել է նաև համաշխարհային շախմատի կենտրոնի: Ավելի քան 20 տարի առաջ Սեփան Ավագյանի և Սմբատ Լպուտյանի կողմից մեկնարկած շախմատի մանկապատանեկան մրցաշարն արդեն 6 տարի է՝ ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ մեկ հարկի տակ հավաքելով լավագույն գրոստմայստերներին:
Մրցաշարի հովանավորներ «Ջերմուկ աշխարհ» առողջարանային համալիրի և «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ այն այս տարի հյուրընկալել է շախմատիստներ՝ Գերմանիայից, Հնդկաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից, ներկայացուցիչներ՝ նաև Հայաստանից:
«Քանի որ «Լիդիան Արմենիա»-ն նպաստում է շրջակա համայնքների կրթությանը և սպորտի զարգացմանը, սա ևս մեկ առիթ էր համագործակցելու շախմատի՝ աշխարհում շատ կարևոր մի միջոցառման իրականացման համար»,-նշում է «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:
Ստեփան Ավագյանի մահից հետո՝ 2014 թվականին, մրցաշարը վերանվանվել է «Ստեփան Ավագյանի» հուշամրցաշար: Կարևոր նախաձեռնությունը հոր մահից հետո շարունակել է որդին, ով այսօր արձանագրում է մրցաշարի կարևորությունը Հայաստանի, մասնավորապես՝ Ջերմուկի համար։ Նրա խոսքով՝ մրցաշարը ոչ միայն բարձրակարգ շախմատային իրադարձություն է, այլև հնարավորություն՝ միջազգային հարթակում ներկայացնելու Հայաստանը՝ որպես մտավոր, մշակութային և զբոսաշրջային կենտրոն։
«Սա սոցիալական աջակցության մի ձև է ու նմանատիպ մրցաշարերի կազմակերպումն ինքնին շատ բարդ խնդիր է և ուզում եմ շնորհակալություն հայտնել «Լիդիան Արմենիա»-ին, որ իրենց նախաձեռնությամբ միացան այս մրցաշարին, ինչը տալիս է էլ ավելի մեծ հնարավորություններ»,-ասում է «Ստեփան Ավագյանի» հուշամրցաշարի համակազմակերպիչ Կարեն Ավագյանը:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել այս մրցաշարի իրականացման համար: Հաջողություն եմ մաղթում այս գեղեցիկ մրցաշարին և ուզում եմ, որ Ջերմուկ քաղաքը հպարտանա և աշխարհի շախմատասերները հետևեն այս գեղեցիկ մրցաշարին»,-հավելում է Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, գլխավոր տնօրեն, միջազգային գորստմայստեր Սմբատ Լպուտյանը:
ՖԻԴԵ վարկանիշով, աշխարհի 100 լավագույնների շարքում ընդգրկված 10 շախմատիստ կմրցեն մինչև հունիսի 6-ը: Մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ 9 խաղափուլով, որի մրցանակային ֆոնդը 26,000 ԱՄՆ դոլար է:
Միջազգային գրոստմայստեր Սամուել Սևյանն ասում է՝ 2021 թվականից մասնակցում է մրցաշարին և շատ է սիրում ընթացքը:
«Այս մրցաշարը Հայաստանի ամենաուժեղ մրցաշարն է: Այս տարի նույնպես շատ ուժեղ կազմ է հավաքվել ու, կարելի է ասել՝ ամեն տարի ավելի ուժեղ կազմ է հավաքվում: Բոլոր շախմատիստների հետ ծանոթ եմ, բոլորը շատ ուժեղ շախմատիստներ են, գրեթե բոլորի հետ խաղացել եմ: Կփորձեմ ուժերիս առավելագույն չափով ներկայանալ»,-նշում է միջազգային գորստմայստեր Շանթ Սարգսյանը:
Գիտությանը միավորված արվեստը տարածաշրջանի ամենահեղինակավոր շախմատային մրցաշարի բացումը դարձրին անմոռանալի՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ Ջերմուկը ոչ միայն առողջարանային, այլև մտավոր ու մշակութային կյանքի կարևոր կենտրոն է։




















