top of page

Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կրկին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից

  • Armen Sukiasyan
  • Feb 16, 2025
  • 1 min read

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, առիթից օգտվելով, կրկին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից, որն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի դեմ, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Միաժամանակ Բայրամովն ակնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը, որը զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։

«Նախարար Ջեյհուն Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների մասին։ Առաջին հերթին ընդգծվել է նախկինում օկուպացված տարածքների մնացորդ հանդիսացող կառույցների վերացման կարևորությունը ԵԱՀԿ գործունեության արդյունավետության, ինչպես նաև տարածաշրջանային իրողություններին համապատասխան աշխատանքների կազմակերպման տեսանկյունից։

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների շարունակումը խոչընդոտում է գործընթացին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

bottom of page