top of page

ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԼՈՒՐՋ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ

  • Armen Sukiasyan
  • Oct 26, 2024
  • 2 min read

Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի ունեցած BRICS-ի գագաթնաժողովում բավական հետաքրքիր մի նախաձեռնություն է ներկայացվել Ռուսաստանի կողմից, որը, ըստ վերլուծաբանների, եթե կյանքի կոչվի, ապա կարող է զգալիորեն արագացնել բազմաբեւեռ աշխարհի կերտման կամ, որ նույնն է՝ միաբեւեռ աշխարհի հուղարկավորման պրոցեսը։ Այսպես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է հացահատիկեղենի համաշխարհային առեւտրի անարդարացի կառուցվածքի մասին։ Ըստ ՌԴ նախագահի, ինչպես է ստացվել, որ հացահատիկեղենի միջազգային բորսայական բոլոր ինդեքսները ձեւավորվում են Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, այն դեպքում, երբ BRICS-ի անդամ երկրներին է պատկանում հացահատիկեղենի արտադրության եւ սպառման մոտ կեսը, իսկ ավելի կոնկրետ՝ 44 տոկոսը։ Ու թեեւ այս ահռելի կշռին, որն ունեն BRICS-ն ու Ռուսաստանի հացահատիկեղենի համաշխարհային շուկայում, վերջիններս շարունակում են կախված մնալ արեւմտյան ինդեքսներից։



Համեմատության համար նշենք, որ Միացյալ Նահանգներն արտադրում են տարեկան 450 միլիոն տոննա հացահատիկ, Ֆրանսիան՝ 65-70 միլիոն տոննա։ Ռուսաստանն արտադրում է արդեն 1,1 միլիարդ տոննա հացահատիկ, Չինաստանը՝ ավելի քան 630 միլիոն տոննա։ BRICS-ի երկրները, ընդհանուր առմամբ, արտադրում են 1,24 միլիարդ տոննա հացահատիկ։ Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը հանդիսանում են, մեծ հաշվով, հացահատիկ արտադրող ամենախոշոր երկրները։ Ցանկում նաեւ Բրազիլիան է։ Արեւմուտք՝ը իր դասական իմաստով, աշխարհում ամենաշատ հացահատիկ արտադրող երկրների առաջին հնգյակում ներկայացված է միայն Միացյալ Նահանգներով։ Այս իրավիճակում, ըստ ՌԴ նախագահի, չափազանց անարդարացի է, որ համաշխարհային հացահատիկային եղանակ թելադրող բորսաները գտնվեն Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում։ Թե ինչու է այդպես ստացվել, ըստ վերլուծաբանների, հասկանալի է։


Մեծ հաշվով, Ֆրանսիան փորձել է իր շահերը պաշտպանել, Միացյալ Նահանգներն էլ ճարպկորեն օգտվել է Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված իրավիճակից, երբ պատերազմից տուժած ԽՍՀՄ-ն ու Եվրոպան ի վիճակի չեն եղել նախաձեռնողականություն ցուցաբերել այդ հարցում։ Սակայն հիմա, երբ ուժերի հարաբերակցությունը համաշխարհային հացահատիկային շուկայում, ըստ համամասնության, անցնում է զարգացող երկրներին, իրավիճակը պետք է փոխվի։ Ընդհանուր տրամաբանությունը պարզ է։ Ռուսաստանը ցանկանում է BRICS-ի միջոցով ստեղծել հացահատիկեղենի այլընտրանքային միջազգային բորսա, որը կհակակշռի արեւմտյան բորսաներին եւ կզրկի Արեւմուտքին հացահատիկեղենի նման կարեւոր մթերքի հանդեպ առեւտրային թելադրող վերահսկողություն ունենալուց։ Սա իրականում չափազանց կարեւոր գործիք է, եթե հաշվի ենք առնում, թե ինչ աշխարհում ենք ապրում, կլիմայական փոփոխություններն ինչի կարող են բերել, եւ որ ապագայի աշխարհում կենսունակ կլինի նա, ով կունենա բավարար չափով պարենամթերք արտադրելու ռեսուրսներ։


Այն երկրների համար, որոնք գտնվում են Ռուսաստանի հետ BRICS-ի կազմում, այս հնարավոր փոփոխությունը, մեծ հաշվով, ձեռնտու է, քանի որ հնարավորություն են ստանում իրենք դառնալ շատ հարցերում եղանակ թելադրողներ, առաջնային դիրքեր ունենալ ապագայի բազմաբեւեռ աշխարհում։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ եթե ամեն բան ընթանա այս տրամաբանությամբ, ապա ապագայում համաշխարհային հացահատիկային շուկայում լուրջ տեղաշարժեր կլինեն, որոնք նույնիսկ Հայաստանի նման փոքր երկրի համար են կարեւոր լինելու։



bottom of page