Հայտնի բլոգեր 222LAVA-ի բնակարանի կողոպուտից հետո դեպքի վայրը չպահպանելու համար երկու ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել
- 3 days ago
- 1 min read

2026-ի տարեսկզբին բլոգեր 222LAVA-ի բնակարանի կողոպուտից հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն է սկսվել՝ դեպքի վայրը չպահպանելու համար: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները: Ոստիկանությունից միայն հաստատում են, որ իրականացված ծառայողական քննության արդյունքում մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար երկու ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։ Նշենք, որ բլոգերի բնակարանը թալանելու մասին հայտնի դառնալուց հետո ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն անարգել կարողացել էր մուտք գործել բլոգերի բնակարան ու մանրամասն ցուցադրել, թե ինչ է այնտեղ կատարվում թալանից հետո: Հենց այս հանգամանքն է ծառայողական քննություն սկսելու պատճառ դարձել: Տեսանյութում երևում է, որ ներսում ոստիկանության ծառայողներ կան: Վերջիններս բնակարանի անձեռնմխելության իրավունքը խախտող տեսանյութի նկարահանումը խափանելու փոխարեն ընդհուպ բարևում են լրագրողին, իսկ ծառայողներից մեկն էլ, որն, ամենայն հավանականությամբ, քննիչ է, հորդորում է բնակարանում որևէ առարկայի ձեռք չտալ: Արաքս Մամուլյան




















