top of page

Օգտագործված հոգևորականներն ու ԱԺ քննիչ հանձնաժողովը

Oct 23
1 min read

Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության վերջին զարգացումները հուշում են՝ իշխանության կողքին կանգնած հոգևորականների հիմնական դերն արդեն ավարտված է։ Նրանք պետք էին պետական միջամտությունը եկեղեցական «բարենորոգում» ներկայացնելու համար։ Այժմ նախաձեռնությունը փոխանցվում է ԱԺ քննիչ հանձնաժողովին։


Այդ հոգևորականների մասնակցությամբ իշխանությունը փորձեց Եկեղեցու դեմ իր արշավը ներկայացնել իբր Եկեղեցու ներսից հնչող պահանջ։ Նրանց դժգոհությունները դարձան քաղաքական փաստարկ, եկեղեցական հանդերձանքը՝ միջամտության ծածկոց։ Տիրադավության ճանապարհն ընտրածները ծառայեցին մի ծրագրի, որի հետագա ընթացքն իրենցից այլևս կախված չէ։


Արման Սարոյանի, Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցերով վարույթների կարճումը ցույց տվեց աշխարհիկ դատարանով եկեղեցական պաշտոններ վերադարձնելու փորձի անհնարինությունը։ Դատարանները տվյալ վեճերը քաղաքացիական դատավարությամբ քննության ենթակա չեն համարել։ Կարգալույծների պահանջած վերականգնումն այս փուլում չի կայացել, մինչդեռ իշխանության քաղաքական օրակարգը շարունակվում է։


Այդ օրակարգի հաջորդ հարթակն Ազգային ժողովն է։ Եկեղեցու ղեկավարի փոփոխության նպատակը նախ ամրագրվեց կառավարության ծրագրում, ապա հրապարակվեց զեկույցն ու ստեղծվեց քննիչ հանձնաժողովը։ Անօրինական հանձնաժողովի ստեղծումը հիմք է տալիս հաստատելու, որ զեկույցի ուսումնասիրությունը ծառայեցվելու է նախապես ընտրված քաղաքական նպատակի հիմնավորմանը։


Այստեղ է օգտագործված լինելու դառը իմաստը․ կարգալույծների և մյուս տիրադավների անձնական ակնկալիքները կարող են մնալ չիրականացված, իսկ իշխանությունն արդեն ունի պետական ու խորհրդարանական գործիքներ, և նրանց քաղաքական անհրաժեշտությունը նվազում է։ Փոխարենը նրանց խղճին են մնում Եկեղեցու դեմ ելնելու և Եկեղեցու պառակտմանը մասնակցելու բարոյական հետևանքները։


Իրենց վերապահված դերը կատարելուց հետո նրանք կարող են արագ վերածվել ավելորդ բեռի։ Եվ այդժամ քաղաքական աղբանոցում հայտնվելու հեռանկարը կդառնա սեփական ընտրության ամենադաժան բացատրությունը․ ուխտը խախտեցին, օգտագործվեցին, իսկ նախաձեռնությունը մնաց օգտագործողի ձեռքում։


Անուշ Սահակյան



 
 
1/2387
bottom of page