Բայց դժվար չէ հասկանալ, որ հողը պահելու մասին խոսողներին ու այդ խոսույթն առհասաակ ծաղրելու մղումը ինչ անթաքույց նպատակներ ունի. Մարկոս քահանա Մանգասարյան

«Բայց դժվար չէ հասկանալ, որ հողը պահելու մասին խոսողներին ու այդ խոսույթն առհասաակ ծաղրելու մղումը ինչ անթաքույց նպատակներ ունի»,- նշել է Մարկոս քահանա Մանգասարյանը։
Նա գրել է. «Եթե Ղևտական գրքի մյուս բոլոր արժանիքները նույնիսկ մոռանանք, ապա միայն ստորև բերվող խոսքը բավական պիտի լիներ հասկանալու այդ գրքի բացառիկությունը:
«Հողը վերջնականապէս չպէտք է վաճառուի, քանզի հողը իմն է, իսկ դուք ինձ մօտ պանդուխտ ու նժդեհ էք» (Ղևտ. 25:23):
Ընդունված է համարել, որ այս գրքի բովանդակությունը կազմող հիմնական օրենքները ձևավորվել են Քրիստոսից առաջ դեռևս 1500-ական թվականներին, իսկ գիրքը գրի է առնվել Քրիստոսից առաջ 6-5-րդ դարերում:
Հասկանում ե՞ք, առնվազն շուրջ երկու և կես հազարամյակ առաջ շարքային հրեան իր ականջին լսում է ավանդաբար Մովսես մարգարեի կողմից փոխանցված համարվող աստվածային խոսքը, որով Տերն ասում է որ հողը որևէ կերպ վերջնականապես չի կարող վաճառվել, այն բացառապես իրեն՝ Աստծուն է պատկանում: Ես մի կողմ եմ թողնում այն հարցը, թե արդյո՞ք սա իսկապես Աստծո խոսքն էր, հայտնությամբ տրված ճշմարտություն էր, թե՞ մի խելացի մարդու կամ ժողովրդի հորինածը:
Հարցն այն է, որ այս մասին իր օրորոցից լսող ժողովուրդը պարզ է, թե ինչ վերաբերմունք, դիրքորոշում պիտի ունենա իրեն բաժին հասած կամ թեկուզ իր ջանքերով ուրիշ ժողովուրդներից խլած հողի հանդեպ:
Իսկ մեզանում ծաղրվում ու «ոչմիթիզական» մականունն են ստանում նրանք, ովքեր ասում են թե ոչ մի թիզ չպիտի թողնենք թշնամուն: Մի կողմ դնենք այն հարցը որ այսպես խոսողներից շատերը իրենց վարք ու բարքով հասել էին մի վիճակի, երբ պոռոտախոսությունից այնկողմ այլևս ոչինչ չունեին հպարտանալու: Բայց դժվար չէ հասկանալ, որ հողը պահելու մասին խոսողներին ու այդ խոսույթն առհասաակ ծաղրելու մղումը ինչ անթաքույց նպատակներ ունի:
Իսկ մեզանում դեռ նախորդ իշխանությունից սկսած ու բնականաբար այսօրվանով վերջացրած հող ու հայրենիք է, որ կորցնում ենք ու կարծես թե ամեն բան նորմալ է: Ոչ մի խնդիր էլ չկա:




















