ՈՎ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան»-ի նախկին անդամ Անի Սամսոնյանը երեկ հայտարարեց, թե դեռևս հունվարին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն իրեն` հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթի) համար, ապա նշել էր, որ իրավապահ համակարգը որևէ քայլ չի ձեռնարկել, իսկ երեկ արդեն բանը հասել է նրան, որ տվյալ անձը ներխուժել է իր աշխատավայր և ինքը ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության:
Մենք Գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե ինչ դիմում է ներկայացրել Սամսոնյանը․ «2025 թվականի հունվարին Անի Սամսոնյանի կողմից ՀՀ դատախազություն ներկայացրած հաղորդման հիմքով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն): Փետրվարի 18-ին ներկայացրած հաղորդման հիմքով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 196.1. -ի 1-ին մասով (հետամտելը): Կատարվում է նախաքննություն մեկ վարույթի շրջանակում»։
Գլխավոր դատախազությունից այս պահին այլ մանրամասներ չեն հայտնում։ Անի Սամսոնյանից մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, ասաց` հարմար չի խոսելը: Մենք տեղեկացանք, որ նրան հետապնդողը նախկին ամուսինն է:




















