«Թեժ» թռիչք․ վայրէջքի ժամանակ ուղևորը կծել է կողքի նստածին և փորձել է կռվել մյուսների հետ
- 15 hours ago
- 1 min read

American Airlines ավիաընկերության՝ Շառլոթից (Հյուսիսային Կարոլինա) դեպի Ֆիլադելֆիա ուղևորվող չվերթում ուղևորներից մեկը անկարգություններ է հրահրել և, ինչպես հայտնել է օդաչուն, կծել է մեկ այլ ուղևորի։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել, հայտնում է CBS News-ը։
Ինչպես երևում է անձնակազմի և դիսպետչերների միջև բանակցությունների ձայնագրությունից, օդաչուն հայտնել է, որ ուղևորներից մեկը «փորձում է կռվել բոլորի հետ» և, հնարավոր է, գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։ Նա նաև նշել է, որ ինքնաթիռում գտնվող այդ մարդը «կծել է ուղևորին»՝ հավելելով, որ իրավիճակը մնում է անվերահսկելի։
Անձնակազմը խնդրել է, որ Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայանում վայրէջքից հետո ինքնաթիռի մոտ ժամանեն բուժօգնության աշխատակիցներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Առայժմ չի հաղորդվում, թե արդյոք ուղևորը ձերբակալվել է։
Ինքնաթիռը Շառլոթից մեկնել է առավոտյան և Ֆիլադելֆիայում վայրէջք է կատարել ԱՄՆ արևելյան ժամանակով ժամը 10:00-ից քիչ առաջ։
CBS News-ի տվյալներով, օդաչուի և դիսպետչերի երկխոսությունն ավարտվել է հանգիստ, հումորով․ դիսպետչերը շնորհավորել է օդաչուին Հայրերի օրվա առթիվ, ինչին նա պատասխանել է, որ այս դեպքի մասին կպատմի իր երեխաներին։
Վերջին շաբաթներին ԱՄՆ-ում գրանցվել են ինքնաթիռներում ուղևորների ագրեսիվ վարքագծի մի շարք միջադեպեր, այդ թվում՝ վթարային ելքերը բացելու փորձեր և թռիչքը խաթարելու դեպքեր, ինչը հանգեցրել է հարկադիր վայրէջքների և Դաշնային ավիացիոն վարչության ու ՀԴԲ-ի կողմից իրականացվող քննությունների։


















