top of page

Երբ և ինչպես դուրս գալ պահքից

  • 7 hours ago
  • 1 min read


Ապրիլի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի  Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ:

Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Իսկ Ս. Հարության (Զատկի) տոնից 48 օր առաջ սկսվել է Մեծ Պահքի շրջանը։

Ինչպես և երբ դուրս գալ պահքից

Հայտնի է, որ պահքը լինում է հոգևոր և սննդային։ Եթե հարցնում են, թե ինչպե՞ս դուրս գալ պահքից, ապա, ըստ qahana.am-ի, կարևոր է ընդգծել, որ հոգևոր պահքից դուրս չենք գալիս։ Հոգևոր պահքը պետք է ուղեկցի մեզ ամբողջ կյանքի ընթացքում։

Իսկ սննդային պահքից դուրս գալու համար կարևոր է Ավագ շաբաթվա ընթացքում մասնակցել եկեղեցում իրականացվող բոլոր արարողակարգերին, իսկ վերջում՝ Ճրագալույցի օրը (շաբաթ երեկոյան) առավոտից ծոմ պահել և մասնակցել Ճրագալույցի Ս. Պատարագին ու Հաղորդություն ստանալով՝ դուրս գալ պահքից։

Շաբաթ երեկոյա՞ն դուրս գալ պահքից, թե՞ կիրակի առավոտյան

Նախընտրելի է պահքից դուրս գալ շաբաթ երեկոյան՝ մասնակցելով Ճրագալույցի Ս. Պատարագին։ Իսկ եթե հանգամանքների բերումով չի ստացվում, ապա պահքից դուրս են գալիս կիրակի առավոտյան՝ մասնակցելով Զատկական Ս. Պատարագին։ Երկու դեպքում էլ հարկավոր է ծոմ պահել, այսինքն՝ մինչև Հաղորդություն ստանալը չուտել և չխմել։

Պարտադի՞ր է եկեղեցի գնալ պահքից դուրս գալու համար

Այո։ Պահքից դուրս գալու համար հարկավոր է գնալ եկեղեցի, մասնակցել Սուրբ Պատարագին, ստանալ Սուրբ Հաղորդություն և նոր համարել, որ Պահքն ավարտված է։

Իսկ եթե չե՞ն կարողանում այցելել եկեղեցի

Եթե եկեղեցի այցելելու անհնարինությունը արդարացված է և կարող է մի քանի օր ձգձգվել, ապա կարող եք Ավագ Շաբաթ երեկոյան պահքից դուրս գալ, իսկ առաջին հնարավորության դեպքում մասնակցել Ս. Պատարագին և Ս. Հաղորդություն ստանալ։

 
 
1/2065
bottom of page