Լսել եմ, որ Վլադիմիր Վարդանյանն էլ է առաջադրվելու. Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ նախագահի թեկնածուի մասին

Այսօր ժամը 4-ին կառաջադրվեն ՍԴ նախագահի թեկնածուները, մենք էլ արդեն մեր կարծիքները կձևավորենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14–ին, Սահմանադրական դատարանի շենք մտնելիս 24.news.am–ի հետ զրույցում նշեց Սդ դատավոր Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօր կայանալիք ՍԴ նախագահի ընտրությանը։
Անդրադառնալով նրան, որ ՍԴ նախագահի թեկնածու է առաջադրվելու ՔՊ–ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նա ասաց. «Պաշտոնապես առաջադրում չի եղել, բայց մենք էլ ենք լսել, որ Վլադիմիր Վարդանյանն էլ է առաջադրվելու, մնացածի վերաբերյալ տեղեկություն չունենք։ Գաղտնի քվեարկություն է, գիտեք, որ այն հարցերը, որոնց շրջանակում նաև պիտի որոշումներ կայացնենք, հիմա չեմ կարող ասել, ով ինչ է ներկայացնելու, ով ինչից կխոսի, արդյո՞ք դա Սահմանադրական դատարանին ուժ տալու մասին կլինի։ Հետևապես ոչինչ չենք կարող այս պահի դրությամբ ասել, ավելի լավ է սպասեք, ընտրենք, նոր տեսնենք ինչ է լինում։
Ընտրությունն այսօր է ավարտվելու, եթե վեց ձայն չհավաքի որևէ թեկնածու, օրենքով սահմանված կարգով երկրորդ փուլ կանցնեն, երկրորդ փուլում էլ հինգ ձայնով պիտի անցնի թեկնածուն։ Երկրորդ փուլի համար սահմանված է 5 օր։ Օրվա վերջին կիմանաք ինչպիսին են մեր դիրքորոշումները»,–ասաց նա։
Հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ եկեղեցու հետ կապված հրապարակված զեկույցը և ԱԺ–ում ձևավորված հանձնաժողովը, միջամտություն են պետության կողմից Եկեղեցու գործերին, Սեդա Սահարյանը պատասխանեց. «Մենք այդ որոշման կապակցությամբ մեր կարծիքն ասել ենք, ավելորդ է, որ Սահմանադրական դատարանին այդ կարծիքից դուրս, ասենք, ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ հակառակն ասի: Մենք ասել ենք, որ նաև ծրագիրը ինչ է և այդ ծրագիրը արդյոք որոշում է և դա մեր վերանայման առարկան է, թե ոչ: Այդ ծրագիրը հավանական ապագայի մասին է և ես կարծում եմ, որ այն ինչ որ ասել ենք, դրանից դուրս ասելու բան չունեմ»։
Դիտարկմանը, որ սահմանադրությամբ ամրագրված է, որ պետությունը և եկեղեցին անջատ են, Սեդա Սաֆարյանն ասաց. «Էլի անջատ են, բայց հո պետության մեջ պետություն չի՞։ Անջատ են, ճիշտ եք ասում, սահմանադրությամբ կարգավորված է, այո, միջամտություն, որպես այդպիսին, ոչ մեկը ճիշտ չի գտնում, բայց նաև մենք չգիտենք՝ եկեղեցում ինչ է կատարվում և դա մեր երկրի անվտանգության համար ի՞նչ նշանակություն ունի։ Հետևապես այս կարծիքների շրջանառումը, մի քիչ ավելի փաստերից անտեղյակությունը ստիպում է, որպեսզի մարդիկ ասեն բաներ, որոնց հիմքի վերաբերյալ տեղեկություն չունեն։
Հետևապես ցանկալի է, որպեսզի շատ լավ պատկերացնենք՝ ի՞նչ է կատարվում, որտեղ է եկեղեցին ճիշտ, որտեղ է պետությունը ճիշտ։ Ուզում եմ ասել, որ այսպես ընդհանուր չի կարելի մեկնաբանել ու ավարտված համարել։ Այո, ամեն ինչ իր սահման ունի և չի կարելի հատել, անցնել, բայց նաև մյուս կողմի համար չի կարելի, որ հատեն անցնեն։
Անկեղծ ասած, ես չգիտեմ ԱԺ–ում այդ քննիչ հանձնաժողովի նպատակը որն է, ինչի համար է ստեղծվել, գուցե բացահայտի այն, ինչը շրջանառվում է, կամ հակառակը՝ հերքի այն, ինչ որ շրջանառվում է, և այդ ծրագրային դրույթում տեղ գտածը ձեզ այդքան չմտահոգի: Այսինքն քննիչ հանձնաժողովը այդ հարցերի պատասխանները շատ հստակ փաստարկված տա։
Ես իրավասու չեմ պատասխանելու այն հարցին՝ ճի՞շտ էր քննիչ հանձնաժողով ստեղծելը, թե չէ, որովհետև դրա հետ կապված էլ կարող է Սահմանադրական դատարանը դիմում ունենա և այդ դիմումի շրջանակում քննության հնարավորություն ունենա»։
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է և այսօր ՍԴ–ն նոր նախագահ է ընտրելու։ Ինքը՝ Դիլանյանը կմնա որպես Սդ դատավոր։




















