«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԵՐԵՒԱՆՑՈՒ ՇԱՀՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՍՏՈՐԱԴԱՍՎԱԾ Է ՀԻՄԱՐ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
- Armen Sukiasyan
- Sep 28, 2024
- 2 min read

Երեկ առավոտյան մետրոյի «Բարեկամություն» կայարանում ուղեւորների ձեռքը ժետոնի փոխարեն խցկում էին թղթե տոմսակներ։ Ոմանք լուռ վերցնում էին, մյուսները սկսում էին ժետոն պահանջել։ Գանձապահները տալիս էին, բայց զգուշացնում էին` շուտով այլեւս ժետոն չի լինելու։ Մարդիկ, հատկապես նրանք, ովքեր սովորաբար մի քանի ժետոն էին գնում, վրդովված էին։
«Շատ բարակ թղթից են էս փոխարինիչները, չգիտես ոնց պահես պայուսակիդ մեջ։ Առաջ մի քանի նարնջագույն ժետոն էինք առնում, գցում էինք պայուսակը, որ ամեն անգամ հերթ չկանգնենք, հիմա դա էլ չենք կարող անել։ Այնքան անորակ թուղթ է, ոնց որ անձեռոցիկ լինի, եթե դնես պայուսակիդ մեջ, կպատռվի»,- ասում է մետրոյի մշտական ուղեւոր Ռուզաննան, որը հատուկ զանգահարել էր խմբագրություն՝ երթեւեկությունից, երեւանցու տեղաշարժի պայմաններից բողոքելու։
Նա ասում է, որ ապրում է Լենինգրադյան փողոցում։ Ամեն անգամ «Բլից» բենզալցակայանի մոտ գտնվող կանգառից է օգտվում, որ հասնի մետրո, բայց այս անգամ նկատել է, որ բենզալցակայանի մոտ էլ կանգառ չկա։ ««Բլիցի» աշխատողները միշտ բողոքում էին, պահանջում էին կանգառը տեղափոխել, բայց նախկինում նրանց լսող չկար, իսկ հիմա բողոքները տեղ են հասել, ու կանգառի տեղը փոխել են, հիմա որպեսզի հասնենք մոտակա կանգառը, մեկ կիլոմետր պետք է քայլենք»,- ասում էր վրդովված կինը, որը հասնելով մետրոյի «Բարեկամություն» կայարան՝ նոր տհաճ անակնկալի էր հանդիպել` թղթե տոմսակների տեսքով։
«Ամեն ինչ անում են՝ առանց մարդկանց կարծիքը, շահը հաշվի առնելու։ Երեւանցու շահն անընդհատ ստորադասված է հիմար նորամուծություններին։ Հիմա էլ՝ էս նոր տոմսերը։ Ժետոն չէին տալիս` բոլորը բողոքում էին»,- բարկացած պատմում էր կինը։
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում ժետոններից հրաժարվելու եւ վճարման էլեկտրոնային համակարգի անցնելու մասին վաղուց են խոսում։ Նախ՝ տոմսակների QR կոդերը գնում էին TelCell ապարատների միջոցով։ Իսկ սեպտեմբերի 16-ից սկսած՝ «Բարեկամություն», «Չարբախ», «Շենգավիթ» կայարաններում գանձապահները սկսել են QR կոդերի վաճառքը, ինչի մասին «Հրապարակին» հայտնեց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։ «Դա այն ուղեւորների համար է, ովքեր չունեն սմարթֆոններ կամ չեն կարողանում օգտվել TelCell ապարատներից»,- ասաց խոսնակը։ Նա վստահեցրեց, որ ժետոններ վաճառում են բոլոր կայարաններում, դրանցից օգտվող ուղեւորների թիվը շաբաթեշաբաթ պակասում է։ Եվ սա կոչվում է հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագիր։
Նոր, կոնդիցիոներներով ավտոբուսներ են մտցնում գծեր, որոնք այնքան քիչ են, որ մարդիկ իմաստ չեն տեսնում դրանց կանգառներում ժամերով սպասելու։ Արդյունքում կրկնակի, եռակի բարձրանում է տաքսու գինը, որը դառնում է Երեւանում տեղաշարժվելու միակ միջոցը։ Օգոստոսի 31-ից էլ Իսահակյան եւ Մոսկովյան փողոցներում` Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում` Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա, մի քանի այլ ուղղություններով միակողմանի երթեւեկություն են կազմակերպել, իբրեւ թե կենտրոնը բեռնաթափելու համար, բայց այնպես է ստացվել, որ կանգառներում ավտոբուսից իջնողներն ընկնում են ավտոմեքենաների տակ։ Ստիպված՝ այդ հատվածներում առավոտից երեկո ոստիկան է կանգնում։ Թվում է, թե քաղաքապետարանն աշխատում է «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով կամ էլ՝ ուղղակի չի աշխատում։ Դեռ ամիսներ առաջ, երբ կարմիր գծերի գինը տասնապատիկ բարձրացնում էին, որպես հիմնավորում այդ թանկացման, նշում էին, որ Երեւանի կենտրոնը կբեռնաթափվի: Բայց այս ընթացքում ոչ միայն չի բեռնաթափվել, այլ էլ ավելի է ծանրաբեռնվել: Եվ ստացվել է այնպես, որ մարդիկ տարեկան 160 հազար դրամ գումար են վճարում, բայց ծառայությունը չեն ստանում, որովհետեւ քաղաքում օրեցօր ավելի է բարդանում ավտոմեքենա կայանելու հարցը: Փողը վերցնում են` ոչինչ չտալով դրա դիմաց:
ՀԳ․ Զանգահարեցի Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն, ներկայացա որպես հասարակ քաղաքացի, բողոքեցի Լենինգրադյանի կանգառը տեղափոխելու կապակցությամբ, քանի որ ինքս էլ երկար ժամանակ բնակվել եմ այդ փողոցում։ Ինձ տրանսպորտի վարչությունից պատասխանեցին, որ այդտեղ երբեք էլ կանգառ չի եղել։ Ստացվում է, որ իմ ողջ գիտակից կյանքում, որի ընթացքում օգտվել եմ այդ կանգառից, ես երազ եմ տեսել։ «Վայ, զզվացրիք, էսօր սաղ օրը զանգում բողոքում են էդ կանգառի համար»,- ասացին վարչությունից եւ խորհուրդ տվեցին զանգել թեժ գիծ։




















