top of page

Դեռ մեռած չենք, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորը լինի

  • 55 minutes ago
  • 2 min read


Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը, ինչքան փորձում եմ հասկանալ, չի ստացվում։ Մի տեղ ասում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի ամենամեծ երաշխավորը՝ Հայաստանը: Նա նույնիսկ զարմանում է, որ ընդդիմադիր գործընկերները ԱԺ-ում ասում են՝ «ո՞վ է ձեր երաշխավորը, Ադրբեջա՞նը, կարծես թե նրանք չեն հասկանում»։ Իրականում ոչ թե չեն հասկանում, այլ չեն պատկերացնում, որ Հայաստանի խաղաղության երաշխավոր կարող է լինել մի պետություն, որը Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացրել է, մնացածը չասեմ, նստել սարի գագաթին ու սպասում է, որ թուխպը հետ քաշվի, որ անցնի մյուս հատվածներին։ Այդ մասին ես չեմ ասում, հոխորտում է Ադրբեջանը։



Մի այլ հատվածում նա հայտարարում է․ «Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց ու բացեիբաց ասաց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Նա հիմնավորում է՝ «Ակնհայտ էր, որ ՌԴ-ի նախագահը խոսում էր ռուսամետ քաղաքական ուժերի մասին, այդ ուժերն այլևս չեն կարող ասել, որ իրենք ՌԴ-ի հետ որևէ կապ չունեն. առաջ էր, երբ ասում էին՝ Մոսկվայից «դաբրոն» կա, հիմա Հայաստանում այլևս մի «դաբրոն» կա, դա Հայաստանի ժողովուրդն է»:


Անհասկանալի է մի բան. Ալեն Սիմոնյանը խոսում է «Ադրբեջանի դաբրոյի», «եվրոպական դաբրոյի», բայց «ռուսական դաբրոն» ու Ռուսաստանի հետ կապը հանցագործություն է: Եթե իսկապես վստահ եք, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, եթե հենց այդ թեզով եք ընտրությունների գնում, ապա հարց է առաջանում. ինչու՞ եք այս պարագայում հայ ժողովրդի անունից խոսում: Նման դիրքորոշումը ոչ միայն հիմք չունի, այլ խիստ հակասական է։ Այդ իրողությունը բացահայտում է քաղաքական պատկերի անհամատեղությունն ու ընտրողի գործիքացման փորձը: Եթե ձեր անվտանգության «դաբրոն» օկուպանտ պետությունն է, ապա այն չի կարող լինել ժողովրդի շահի երաշխավորը։ Հետևաբար, խոսել «ժողովրդի անունից»՝ խաբել է նշանակում։ Օկուպացիոն ուժի հետ համագործակցությունը ներկայացվում է «լեգիտիմ», իսկ բնական ու ընդունված դիվանագիտական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ դառնում է «հանցանք»: Դուք չեք առաջնորդվում «ազգի շահի», «ռազմավարական մտահոգությունների» կամ «իրավական սկզբունքների» տրամաբանությամբ։ Առաջնորդվում եք այն ուղղությամբ, որը հասանելի է քաղաքական շահարկման համար՝ ժողովրդի անունից՝ ժողովրդի դեմ։

Ալեն, դեռ մեռած չենք, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորը լինի։



 
 
1/2065
bottom of page