top of page

Մտահոգություն կա, որ «Մեր ձևով» շարժման գրանցումը չեղյալ կհայտարարվի, ֆինիշին չի հասնի. Հովիկ Աղազարյան

  • 3 hours ago
  • 1 min read


Քննարկվող օրենքի բովանդակությանը միանշանակ համաձայն եմ, բայց բոլոր դեպքերում գտնում եմ, որ ընտրություններից երկու ամիս առաջ նման փոփոխություն անելը անընդունելի է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 7–ին, ԱԺ–ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը։

«Ընտրությունների են գնում և փաստորեն քաղաքական դաշտը իր խճանկարով կամաց-կամաց ձևավորվում է և ընդիմադիր  դաշտում առաջատարի դիրքերում է գտնվում «Մեծ ձևով» շարժման շուրջ առաջացող ուժը, և վերջին ժամանակներս էլ, փաստորեն, որոշակի ուղղվածություն կա դեպի այդ շարժումը՝ էլեկտորալ իմաստով։

Իմ խորին համոզմամբ, եթե «Մեր ձևով» շարժումը հասնում է ֆինիշին, այսինքն հունիսի 7–ին մասնակցում է քվեարկություններին, ապա ընդդիմադիր ուժերը հավաքական իմաստով հաղթանակ են տոնում։ Հետևաբար կա անհանգստություն, որ «Մեր ձևով» շարժումը չի հասնելու ֆինիշին, այլ մայիսի կեսերին կամ վերջերին ինչ-ինչ հիմնավորումներով չեղյալ կհամարվի իր գրանցումը։

Սրա  դեմն առնելու համար հենց «Մեր ձևով» շարժումը պետք է նախաձեռնի ընդդիմադիր բոլոր ուժերի  միասնական ներկայանալը ընտրություններին՝ ճակատի ֆորմատով, ինչը մենք առաջարկել ենք։ Ոչ թե միասնական ցուցակով, այլ ճակատի տարբերակով, և հետո արդեն մի չորս ամսով ձևավորվի ժամանակավոր կառավարություն և դրանից հետո տեղի ունենան նոր ընտրություններ: Սահմանադրությամբ այդ հնարավորությունը տրվում է:

Եթե «Մեր ձևով» շարժումը չգնած այս ճանապարհով, ապա լիքը հարցեր են առաջանալու»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։

Դիտորդները նշում են, որ այս նախաձեռնությունը հստակ ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր  Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության՝ «Հզոր Հայաստան»-ի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվանման մեջ:

 
 
bottom of page