Հանուն ինչի է պետք հյուրընկալել Ուկրաինայի ներկայացուցիչներին, նրանց հետ մասնակցել հավաքների, և ամբիոն տրամադրել Ռուսաստանի հասցեին uպառնալիքներ հնչեցնելու համար․ Զախարովա

Մենք անընդունելի ենք համարում նախագահ Զելենսկու ռեժիմի հետ ֆլրիտը, հատկապես երբ դա արվում է մեր գործընկերների և դաշնակիցների կողմից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունն այն մասին, թե իբր իր երկիրն ավանդ է ունեցել հետխորհրդային երկրների «անցյալում ձեռք բերած անկախության գործում»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին և ընդգծել «երկար դադարից հետո» Հայաստանի հետ կապերի վերականգնումը։
Զախարովայի խոսքով՝ իր հնչեցրած դիրքորոշումը պատկանում է ոչ միայն երկրի պետական կառույցներին, այլև ողջ հասարակությանը։
«Սա այն հարցն է, երբ մեր քաղաքացիները, որոնք բառացիորեն թիրախավորված են կիևյան ռեժիմի ահաբեկչական հարձակումների կողմից և հստակ գիտակցում են այդ ռեժիմի նեոնացիստական էությունը, հարց են տալիս․ իսկ ինչպե՞ս է, որ որոշ երկրներ, պաշտոնական ներկայացուցիչներ, պետական ծառայողներ ու քաղաքական գործիչներ չեն տեսնում այդ ամենը։ Այն երկրները, որոնք, կրկին ընդգծեմ, մեր դաշնակիցներն են, գործընկերներն ու բարեկամները․․․
Մենք, անշուշտ, դատապարտում ենք Կիև կատարած այցերը և ահաբեկիչների պարագլուխների հետ եղբայրացումը։ Նրանք բացահայտ հայտարարում են ռուսական ամեն ինչ ոչնչացնելու իրենց նպատակի մասին, ամեն օր գնդակոծում են մեր երկրի քաղաքացիական օբյեկտները և սպանում խաղաղ բնակիչների՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ պետությունների, այդ թվում՝ ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների։ Բացի այդ, նրանք սարսափելի ոճրագործություններ են կատարում և արդարացնում հիտլերյան Գերմանիայի բանդերական աջակիցներին։ Ի դեպ, հենց այդ նույն Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար իրենց կյանքն են տվել Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների ու ազգությունների միլիոնավոր քաղաքացիներ։
Բացարձակապես անհնար է հասկանալ, թե հանուն ինչի է պետք հյուրընկալել ուկրաինական խունտայի ներկայացուցիչներին, նրանց հետ մասնակցել քաղաքականացված, այսպես կոչված, հավաքներին, և դեռ մի բան էլ ամբիոն տրամադրել՝ Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Սրան լուռ հետևե՞լ, թե՞ երես թեքել ու ձևացնել, թե չենք լսել կամ չենք տեսել։ Այս հարցը բոլոր նրանց համար է, ովքեր անում են դա։
Կասեի՝ պետք է թողնել իրենց խղճին, բայց մենք չենք թողնի։ Մենք, անշուշտ, կոչ ենք անելու նրանց խղճին, բայց չենք ձևացնի, թե այս ամենը չենք նկատում։ Որովհետև նրանք պետք է լիովին հաշիվ տան իրենց, թե ինչ ռիսկերով է հղի նման քաղաքականությունը, այդ թվում՝ մեր երկրի հետ հարաբերությունների համատեքստում»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։




















