Հայաստանում միջին ապրելիությունը պետք է հասցնել մինչև 115 տարի․ Հայաստանի առաջին ծերաբույժ

«Հայաստանը դեմոգրաֆիկ ծերացման փուլում է գտնվում։ Մոտակա տարիների ընթացքում միջին ապրելիությունը կհասնի 80 տարի»,- այս մասին «Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա» խորագրով համաժողովի ընթացքում ներկայացրեց Հայաստանի առաջին ծերաբույժ,սրտաբույժ Հայաստանի ներքին բժշկության ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը։
Մասնագետի դիտարկմամբ՝ Հայաստանում միջին ապրելիությունը պետք է հասցնել մինչև 115 տարի։
«Հիմա բոլորդ ժպտացիք, բայց եթե տարիներ առաջ մենք ասեինք, որ մարդը կապրի 65 տարեկան, այն ժամանկ էլ էին ժպտում , քանի որ միջին ապրելիությունը 45-ից 50 տարի էր։ Այսօր 65 տարեկան հատկապես կինը երիտասարդ, շատ շքեղ մի է, տիկին է, որն արարում է, գործում, ստեղծում, աշխատում է և բացարձակ չի պատրաստվում ծերանալ։ Ես ուրախ եմ սրա համար և ուզում եմ, որ մենք էլ Հայաստանում զարգացնենք ծերաբուժությունը, ծերաբանությունը։ Սա շատ հետաքրքիր գիտություն է»,- ասաց Մանուկյանը։
33 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկը այն համոզմանն է, որ ծերաբուժությունը նույնքան կարևոր է, որքան՝ մանկաբուժությունը։
Մանուկյանը նաև խոսեց բոլոր այն գործոնների մասին, որոնք ազդում են մարդու կյանքի և առողջության վրա։
«Տեսեք, առողջ ապրելակերպի մասին շատ է խոսվում, բայց ընդամենը 5 %-ն է ապրելակերպը, ընդամենը 10 %-ն է բժշկական միջամտությունը, 20 %-ը գենետիկան է և 20 %-ը՝ էկոլոգիան, շրջակա միջավայրը։ Մենք ունենք տարբեր գործոններ, որոնք ձևավորում են մեր հիվանդությունները, ռիսկի գործոններ, որոնք ձևավորում են բոլոր ներքին հիվանդությունները, կան ներքին գործոններ, արտաքին գործոններ։Բայց ես ուզում եմ շեշտը դնել մոդիֆիկացվածի և ոչ մոդիֆիկացվածի վրա։ Այսինքն՝ այն, ինչը մենք կարող ենք փոխել և այն, ինչը մենք չենք կարող փոխել։ Գենետիկան, բնականաբար, չեն կարող ժառանգականությունը փոխել, բայց շրջակա միջավայրը բավականին շատ ասպեկտներում,դա կարող ենք փոխել»,- իր զեկույցում նշեց ծերաբույժը։
Նա մանրամասնեց, թե շրջակա միջավայրի որ գործոններն են ազդում մարդու առողջության վրա։ «Դրանք քիմիական, կենսաբանական, ֆիզիկական և սոցիալ տնտեսական գործոններն են։
Տեսե՛ք, մենք օրական ներշնչում ենք մինչև 15 կգ կամ 15 մ3 թթվածին և արտաշնչում ենք 580 լիտր ածխաթթու գազ։ Ի՞նչ բացասական նյութեր են ներմուծվում մեր օդի մեջ, դրանք մանր դիսպերս նյուերն են՝ PM2․5 և PM10: Միանգամից այստեղ ուզում եմ ասել, որ PM10 միկրոնը մտնում է մեր շնչառական համակարգ, այնտեղ նստվածք է տալիս և, բնականաբար, ստեղծում բազմաթիվ հիվանդություններ, իսկ ավելի փոքր մասնիկները՝ PM2․5-ը, թափանցում են նաև սիրտանոթային համակարգ։Անոթից թափանցում են ներս և ստեղծում մի շարք սիրտ անոթային հիվանդությունություններ։Մենք պետք է անպայման ուշադրություն դարձնենք սուլֆատների, նիտրատների, ամոնիակի, նաև հանքային փոշու և ծանր մետաղների քանակին»,- պարզաբանեց Մանուկյանը։
Օդի աղտոտվածության խնդիրն, ըստ նրա, պատճառ են գլխացավերի, գլխապտույտների, անընդհատ հոգնածության ։
«Ի՞նչ է անում աղտոտված օդը։ Բերում է մի շարք հիվանդությունների։ Մասնավորապես, դրանք կարող են լինել ալերգեններ՝ առաջացնելով բազմապիսի ալերգիաներ, կարող են լինել մուտագեններ ՝ առաջացնելով գենֆոնդի մեջ մուտացիաներ, կարող են լինել կանցերոգեներ՝ առաջացնելով օնկոլոգիական խնդիրներ, կարող են լինել տերատոգեններ՝ ազդելով նորածնի զարգացմանը»,- ահազանգեց մասնագետը՝ պնդելով, որ այս ամենի հենքում՝ նաև աղտոտված շրջակա միջավայրն է»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով․
«Փոխարեն օդը մաքրենք, դեղորայք ենք նշանակում, որ մարդը ավելի երկար դիմանա աղտոտված օդին։ Այս քայլին ես էլ եմ դիմում, բայց սա հարցի լուծում չէ, սխալ մոտեցում է, պետք է պատճառը վերացնել»։
Լամարա Մանուկյանն իր խոսքում մեջբերեց նաև Առողջաապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի արդյունքները։ Ըստ որի․ «Ահասարսուռ տվյալներ են՝ 30 % հիվանդացությունը և 23 % ընդհանուր մահերը, ըստ ԱՀԿ-ի, պայմանավորված են շրջակա միջավայրի աղտոտվածությամբ։ 12,6 մլն մարդ ամեն օր մահանում է շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով, որից 4․3 վաղաժամ մահերն են»։
Այս ամենով հանդերձ, ծերաբույժը կարևորեց հանրային կրթվածության, իրազեկվածության բարձրացումը։ Միևնույն ժամանակ մեծ ուշադրություն դարձնելով ապրելակերպին՝ սննդակարգին, ակտիվ կենսակերպին ու հոգեբանական հանգիստ ու մաքուր միջավայրի ստեղծմանը։




















